Մատչելիության հղումներ

Ամերիկյան ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը Գերմանիայից տեղափոխվեց Լեհաստան


Ամերիկյան ռազմական տեխնիկայի առաջին խմբաքանակը երկուշաբթի օրը Գերմանիայից տեղափոխվեց Լեհաստան՝ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը ամրապնդելու նպատակով:

Վերջին օրերին Գերմանիայի հյուսիսում Բրեմենհավեն նավահանգստում բեռնաթափվում էր Ատլանտյանի մյուս ափից Եվրոպա տեղափոխված ամերիկյան սպառազինությունները, իսկ երկուշաբթի օրը դրա մի մասը գնացքներով ու ավտոշարասյուներով ուղղություն վերցրեց դեպի Լեհաստան: Լեհաստան են տեղափոխվում հարյուրավոր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, զինվորական մեքենաներ, ամենագնացներ, զրահամեքենաներ։ Սպառազինությունները նախատեսված են ամերիկացի 4 հազար զինծառայողներ համար, որոնք, ըստ նախատեսված ծրագրի, տեղակայվելու են Ռուսաստանին սահմանակից Արևելյան Եվրոպայի երկրներում:

Այս ամսվա վերջին ԱՄՆ-ի և Լեհաստանի զինծառայողները համատեղ լայնամասշտաբ զորավարժություն են անցկացնելու:

Լատվիայի ազգային զինված ուժերի հրամանատարը ասել է, որ փետրվարի վերջին ամերիկյան զրահատանկային մեկ վաշտ կտեղակայվի Լատվիայի տարածքում:

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ զսպելու ռուսական ագրեսիան: 2014-ի մարտին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո Բալթյան երկրներին և Լեհաստանին մտահոգում է իրենց երկրների անվտանգությունը:

Ամերիկյան զորախմբից բացի ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան, Կանադան և Բրիտանիան պլանավորում են Բալթյան երկրներից յուրաքանչյուրում՝ Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում հազար զինծառայողներից կազմված գումարտակներ տեղակայել:

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ուժերի տեղակայումը Արևելյան Եվրոպայում պաշտպանական նշանակություն ունի: Իսկ Մոսկվան դա համարում է Արևմուտքի կողմից ագրեսիվ զարգացում իր սահմանների մոտ և հայտարարել է, որ համարժեք պատասխան կտա:

Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը ասել է, թե սպառազինությունների տեղակայումը Արևելյան Եվրոպայում կատարվում է Բարաք Օբամայի նախագահության ժամկետի ավարտին, բայց ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփից կարելի է ակնկալել հարցի վերանայում, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է Կոսաչովը:

Ուղիղ տասն օրից Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Չնայած ամերիկյան հետախուզական ծառայությունների Ռուսաստանի հաքերային հարձակումների մասին զեկույցներին, նա նորից պնդել է, որ Ռուսաստանի հետ պետք է լավ հարաբերություններ հաստատի: Դրանից բացի, հիշեցնենք, նախընտրական շրջանում նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրները պետք է ավելացնեն դաշինքի ընդհանուր ծախսերի համար վճարումները: Նա ասել էր, թե արդյո՞ք պետք է օգնության ձեռք մեկնել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները:

XS
SM
MD
LG