Մատչելիության հղումներ

Ուիլյամ Բըրնս. Առաջիկայում ռուս-ամերիկյան կապերը լարված կլինեն


Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բըրնս, արխիվ
Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի նախագահ Ուիլյամ Բըրնս, արխիվ

Հունվարի 20-ին Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները ստանձնելու է Դոնալդ Թրամփը, ով մի քանի առիթներով հավաստիացրել է, որ մտադիր է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Արդյո՞ք նա կիրականացնի այդ խոստումը:

Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի նախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսի համոզմամբ, «սառը պատերազմին» հաջորդած 25 տարիների ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերություններում եղել են աղմկահարույց փոխադարձ մեղադրանքներ, թյուրիմացություններ և հիասթափություններ:

«Երկու կողմն էլ ուներ բավական պատրանքներ: Վաշինգտոնում մերթ ցանկացել են ռուսներին համարել վստահելի գործընկերներ, մերթ անվանել են թույլ տնտեսությամբ տարածաշրջանային տերություն: Մոսկվայում մերթ ցանկացել են Ամերիկայի հետ հաստատել ռազմավարական համագործակցություն, մերթ ոգևորվել են Ամերիկայի առաջնորդած արդիական աշխարհակարգն ավերելու ծրագրով: Իրականությունն այնպիսին է, որ տեսանելի ապագայում Ամերիկայի և Ռուսաստանի հարաբերությունները հաճախ կլինեն մրցակցային և նույնիսկ թշնամական: Հիմարություն կլինի մտածել, թե լիդերների անձնական մտերմությունը և համաձայնության հասնելու ունակությունը թույլ կտան վերացնել առկա խնդիրները: Էլ ավելի մեծ հիմարություն կլինի լռության մատնել ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության չափազանց մտահոգիչ հանգամանքը, նույնիսկ, եթե դրա մասին խոսելն անհարմար է», - գրել է Բըրնսը The New York Times-ում։

Ուստի, ի՞նչ անել։ Բըրնսի համոզմամբ, պետք է չորս քայլ կատարել։ Նախ հարկ է պահպանել և անհրաժեշտության դեպքում հզորացնել այն միջոցները, որոնք նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը ձեռնարկել է՝ ի պատասխան ռուս հաքերների գործողությունների:

«Ռուսաստանը մարտահրավեր է նետել ամբողջ դեմոկրատական հասարակարգին: 2017 թվականին եվրոպական առանցքային երկրներում ընտրություններ են, դրանք են դառնալու մարտի մյուս դաշտը: Բացի այդ Ամերիկան պետք է հավաստիացնի եվրոպացի դաշնակիցներին, որ Վաշինգտոնը բացարձակ և անվերապահորեն նվիրված է ՆԱՏՕ-ի գաղափարին, նպատակին և առաքելությանը: Ամերիկան պետք է ուշադրության կենտրոնում պահի Ուկրաինան, որի ճակատագիրը մեծ կարևորություն ունի Եվրոպայի և Ռուսաստանի համար: Խոսքը ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը անդամակցելու մասին չէ, պարզապես հարկ է օգնել Ուկրաինայի ղեկավարներին ավելի հաջող դարձնել համակարգը, որը Ռուսաստանը փորձում է տապալել: Եվ վերջապես, Ամերիկան չպետք է խաբվի և ընդունի համատեղ ջանքերով «Իսլամական պետության» դեմ միասին պայքարելու, կամ, օրինակ, Չինաստանին զսպելու Ռուսաստանի առաջարկները: Սիրիայում Ռուսաստանի արյունարբու կեցվածքը շատ ավելի է մեծացրել ահաբեկչության վտանգը, իսկ Չինաստանի հետ բարեկամությունից Մոսկվան չի հրաժարվի, նույնիսկ, եթե հիմա մտահոգություն է հայտնում այդ երկրի վերելքի կապակցությամբ», - գրել է Բըրնսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG