Մատչելիության հղումներ

Կրթության և գիտության նախարարությունում, այդուհանդերձ, որոշվել է դասերը չհետաձգել:

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի դպրոցում տարվա առաջին ուսումնական օրը դասերը սովորականից շուտ ավարտվեցին, քանի որ դասասենյակներում ցուրտ էր: 261 աշակերտ ունեցող գյուղի միակ դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկներով։ Եվ անգամ տնօրենի փոքր սենյակում, որտեղ երկու սալիկ կար միացված, 5 աստիճան էր, ու տնօրենն իր աշխատասենյակում վերարկուով էր նստած։

Մարզի Սիս, Նիզամի, Ռանչպար գյուղերի դպրոցներում ևս դասերը նախատեսվածից շուտ են ավարտվել։

Ռանչպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Սվետա Դալաքյանի խոսքով՝ թեև արդեն 3 օր է միացրել են սալիկները, սակայն չեն կարողացել ապահովել սահմանված ջերմաստիճանը։ Դպրոցի հույսը արևն է․ - «Մեր դպրոցը արևկող ա: Հենց արևը դուրս ա գալիս, արդեն օգնում ա, էլի, էդ վիճակում․․․ Բայց որ արևը չկա, դե, Արարատյան դաշտում բոլոր տեղերում էլ էդ ձև ա: Դրա համար էլ դասամիջոցները կրճատել են, բոլորը սարքել ենք հինգ րոպե»:

Սիսի միջնակարգ դպրոցի դուռն էլ կողպված էր, իսկ դասերի ավարտին մեկ դասաժամ դեռ կար։ Տնօրեն խոսքով՝ իրենք ևս ուրբաթ օրվանից սկսել են ջեռուցել դպրոցը, սակայն այսօր դպրոցում 8 աստիճան էր․ - «Ամբողջ օրը էսօր ջեռուցվելու ա, առանց անջատումների․․․ Երեք օր առաջ՝ ուրբաթ օրվանից միացրել ենք, բայց ցուրտը էնքան ա երևի պատերի մեջ մտել․․․ »:

Կրթության և գիտության նախարարությունում այսօր քննարկել են դպրոցների ջեռուցման հարցը և որոշել են դասերը չհետաձգել։ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյան «Ազատությանը» փոխանցեց, որ նախարարը կապվել է բոլոր մարզպետերի հետ և եզրակացրել, որ դասերը հետաձգելու կարիք չկա․ - «Հետաձգում չենք նախատեսում: Շատ-շատ տեղերում դաս ա, չի լինի հետաձգել: Ամբողջ Տավուշը դաս ա անում, Գեղարքունիքը դաս ա անում․․․ Մնացածը պիտի․․․ Նախարարը մարզպետների հետ խոսել ա, որպեսզի հսկողության տակ վերցնեն և ջեռուցման հարցը կարգավորեն: Առավոտյան պարզ կլինի»:

Նախարարությունը նաև հայտարարություն է տարածել, ըստ որի ջեռուցման խնդիրներ ունեցող դպրոցները կարող են կրճատել դասաժամերի տևողությունը։

XS
SM
MD
LG