Մատչելիության հղումներ

Գյումրիում մեկնարկեց 2017-ի առաջին զորակոչը


Գյումրիի Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում էր կազմակերպվել 2017-ի առաջին զորակոչը:

Չնայած ցուրտ եղանակին՝ զորակոչիկների հարազատները եկել էին ճանապարհելու ու անփորձանք ծառայություն մաղթելու:

«Իհարկե, մտահոգություն կա ամեն դեպքում, բայց եթե երեխան դարձել է 18 տարեկան տղա՝ պիտի գնան ծառայեն: Ցանկանում եմ խաղաղություն, բարի ծառայություն բոլոր տղաներին, բարի վերադարձ», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց հարազատներից մեկը:

Այս զորակոչին Ռուսաստանի Դաշնությունից 2 նորակոչիկ էր եկել ծառայության: Նրանցից մեկը Լյովա Պողոսյանն է: - «Էրկու տարեկանից Ռոստով եմ, ստեղ ընդհանրապես չեմ եղել, հմի եկել եմ պարտքս տամ հայրենիքիս», - մեզ հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր խոսքում անդրադարձավ ապրիլյան քառօրյա պատերազմին․ - «Սիրելի՛ տղերք, ապրիլյան պատերազմին մեր երեխաների արյունը դուք պետք է կարողանաք արևորել: Եթե մենք միասին չկարողացանք արժևորել, անիմաստ է դառնալու ամեն ինչ: Առաջին հերթին որպես ծնող կուզենայի, որ դուք խաղաղության մեջ անցկացնեք ձեր ծառայությունը»:

Ապրիլյան պատերազմից հետո զորակոչիկների մոտ ի՞նչ է փոխվել, հետաքրքրվեցինք Գյումրիի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանից: - «Դեպի տղաների ավելի ուրախ ու ավելի հաստատուն կամքը ծառայելու, իրենց պարտքը տալու հայրենիքի պաշտպանության համար», - պատասխանեց Խաչատրյանը:

Գյումրիի զինվորական կոմիսարն ասաց, որ զորակոչի հետ կապված խնդիրներ առաջ չեն եկել, առաջադրված պլանը կատարված է: - «Խուսափողներ չունենք այս պահի դրությամբ», - ասաց նա:

Նորակոչիկները, ինչպես ասում են՝ իր դարն ապրած ՊԱԶ ավտոբուսով Երևանի հանրապետական հավաքակայան տեղափոխվեցին, որտեղ վիճակահանությամբ որոշվելու էր, թե ով որտեղ է զինծառայությունն անցկացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG