Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանում այսօր մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումը, որով նախատեսվում է զգալիորեն ընդլայնել երկրի նախագահի լիազորությունները:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ առաջիկա երկու շաբաթների ընթացքում թուրք խորհրդարանականները երկու փուլով քննարկելու են 18 կետից բաղկացած փոփոխությունների առաջարկը, որը դեկտեմբերի վերջին ընդունվել էր Մեջլիսի սահմանադրական հանձնաժողովի կողմից։

Առաջին փուլում խորհրդարանում ներկայացված չորս կուսակցությունների պատգամավորները հանդես են գալու ելույթներով և առաջարկներով։ Երկրորդ փուլում քննարկվելու են ներկայացված նախագծում փոփոխություններ անելու վերաբերյալ առաջարկները, որին հետևելու է փակ, գաղտնի քվեարկությունը։ Անհրաժեշտ 330 պատգամավորական քվե ստանալու դեպքում սահմանադրական բարեփոխումների առաջարկը կուղարկվի երկրի նախագահի հաստատմանը, ապա հանրաքվեի կդրվի։

Թուրքական Մեջլիսում նոր սահմանադրության առաջարկի քննարկմա առաջին օրը բավական բուռն ընթացք ունեցավ։ Սահմանադրական բարեփոխումներին կտրականապես դեմ հանդես եկող Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները իրենց ելույթներում ընդգծեցին, որ երկրի կառավարման համակարգի փոփոխությունը կբերի Թուրքիայի մասնատմանն ու անկմանը։ Իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները բարձրաձայնեցին, որ նոյեմբեր ամսից ճաղերի հետևում գտնվող 11 կուսակիցները զրկված են քվեարկության մասնակցելու հնարավորությունից։

Ապրիլ ամսին նախատեսվող սահմանադրական հանրաքվեի ժամանակ քաղաքացիների ձայների կեսից ավելին ստանալու դեպքում Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի։ Մյուս փոփոխությունների համաձայն, նախագահը, որն այսուհետ կարող է լինել կուսակցական, ընտրվելու է 5 տարի ժամկետով։ Նա նշանակելու է մեկ կամ մեկից ավելի փոխնախագահներ։ Խորհրդարանական ընտրությունները ևս 5 տարին մեկ են անցկացվելու՝ նախագահական ընտրությունների հետ միևնույն օրը։ Խորհրդարանականների թիվն ավելանալու է՝ հասնելով 600-ի։

Խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումներին ընդառաջ թուրքական մամուլում շրջանառվող գլխավոր հարցը նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար իշխող կուսակցությանը անհրաժեշտ 14 քվեն է։ «Հաբերթյուրք»-ը գրում է, որ երկրի մայր օրենքում էական փոփոխություններ նախատեսող առաջարկը հեղինակած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քվեարկության ընթացքում ջանալու է ապահովել անհրաժեշտ 330 «այո»-ն և այս հարցում ակնկալում է ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության աջակցությունը։ Սակայն փակ քվեարկության պարագայում վտանգ կա, որ սահմանադրական բարեփոխումների առաջարկը բավարար քվե չի ստանա։ Նման ելքը կարող է հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Թուրքական մամուլը գրում է, որ իշխող կուսակցությունը հենց այս հանգամանքն է շահարկում՝ սահմանադրությանը ընդդիմացող խորհրդարանականներին ակնարկելով, թե արտահերթ ընտրությունների դեպքում վերջիններս կարող են զրկվել պատգամավորական մանդատից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG