Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում երեկ կինոարվեստի հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ռեկորդակիրը դարձավ «Լա-լա լենդը»՝ ստանալով միանգամից յոթ մրցանակ: Դեմիեն Շազելի մյուզիքլը՝ երիտասարդ դերասանուհու և դաշնակահարի սիրո մասին, լավագույնը ճանաչվեց սցենարի, ռեժիսորական աշխատանքի, գլխավոր դերակատարների ու ֆիլմում օգտագործված երաժշտության համար:

Սա ֆիլմ է երազողների համար՝ հայտարարեց լավագույն դերասանուհու մրցանակը ստացած Էմմա Սթոնը․ - «Կարծում եմ՝ հույսն ու երևակայությունը ամենակարևոր բաներն են աշխարհում»:

Տարվա դրամա անվանակարգում Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս»-ին արժանացավ Բարրի Ջենկինսի «Լուսնի լույսը» եռամաս ֆիլմը, որ պատմում է թմրաբիզնեսի ծաղկման շրջանում ծնված մի աֆրոամերիկացու մանկության, պատանեկության ու հասունության մասին: Լավագույն դրամատիկ դերասանուհու տիտղոսին արժանացավ Իզաբել Յուփփերը, տղամարդու դրամատիկ դերակատարման համար մրցանակ շնորհվեց Քեյսի Աֆլեքին, բրիտանական թագավորական ընտանիքի մասին պատմող «Թագն» էլ ճանաչվեց լավագույն դրամատիկ սերիալ:

Երեկվա իրական դրաման, սակայն, դարձավ օսկարակիր Մերիլ Սթրիփի ելույթը: Կինոյի զարգացման համար «Ոսկե գլոբուսի» արժանացած դերասանուհին հենց բեմից քննադատեց ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին՝ հիշեցնելով, թե ինչպես էր նա անցած տարի ծաղրել հաշմանդամություն ունեցող լրագրողին:

«Դա կոտրեց իմ սիրտը, և մինչ օրս մտքիցս դուրս չի գալիս, քանի որ ֆիլմում չէր, իրական կյանքում էր: Մարդը, ով հավակնում է մեր երկրում ամենապատվաբեր պաշտոնին, ծաղրեց հաշմանդամ լրագրողին, այսինքն մի մարդու, ում ինքը գերազանցում էր թե՛ արտոնություններով, թե՛ իր ունեցած իշխանությամբ, և թե՛ հակահարված հասցնելու ունակությամբ: Եվ երբ նվաստացնելու այս բնազդը ի ցույց է դրվում հրապարակավ, իշխանություն ունեցող մեկի կողմից, տարածվում է նաև այլոց կյանքում, քանի որ այսպես ասած մյուսներին էլ իրավունք է տալիս նույն կերպ վարվելու»:

«Անհարգալից վերաբերմունքը համարժեք պատասխան է ծնում, բռնությունը՝ բռնություն, և երբ ղեկավարները օգտագործում են իրենց դիրքը՝ թույլերին նսեմացնելու համար, մենք բոլորս ենք տուժում», - հայտարարեց աշխարհահռչակ դերասանուհին՝ ընդգծելով մամուլի դերը պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու հարցում․ - «Մենք սկզբունքային մամուլի կարիք ունենք, որն իշխանություններից հաշիվ կպահանջի ցանկացած թերացման համար, այդ պաճառով էին մեր հիմնադիր հայրերը ամրագրել մամուլի ազատությունը մեր մայր օրենքում: Եվ ես հիմա խնդրում եմ միանալ ինձ՝ աջակցելով «Լրագրողների պաշտպանության կոմիտեին», քանի որ մենք նրանց կարիքն ունենք առաջ գնալու համար, իսկ նրանք մեր կարիքն ունեն որպես ճշմարտության երաշխավոր»:

Սթրիփը նաև անուղղակի քննադատեց ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու Թրամփի հայտարարությունները:

«Այստեղ՝ Հոլիվուդում, բոլորս խմբված ենք այլ երկրներից, և եթե մեզ արտաքսեն, դուք ֆուտբոլից ու մարտարվեստից բացի դիտելու այլ բան չեք ունենա», - փաստեց 250-ից ավելի ֆիլմերում նկարահանված և երեք անգամ Օսկարի արժանացած դերասանուհին:

Ընդ որում, Մերիլ Սթրիպը միակը չէր, որ երեկ հանդիսավոր միջոցառմանը հիշատակեց Դոնալդ Թրամփի մասին: - «Ոսկե գլոբուսը» Ամերիկայում մնացած այն սակավաթիվ վայրերից մեկն է, որտեղ հարգում են մեծամասնության կարծիքը»,-կատակեց հանդիսավար Ջիմի Ֆելոնը՝ ակնարկելով, որ նորընտիր նախագահը համաժողովրդական քվեարկությամբ ստացած ձայներով զիջում էր մրցակից Հիլարի Քլինթոնին:

Թրամփի արձագանքը չուշացավ․ թվիթերյան իր էջում նորընտիր նախագահը պնդեց՝ աշխարհահռչակ դերասանուհին Հիլարի Քլինթոնի ծառան է: - «Հոլիվուդի ամենագերագնահատված դերասանուհիներից մեկը՝ Մերիլ Սթրիփը, ինձ չի ճանաչում, սակայն, անցած գիշեր քննադատել է «Ոսկե գլոբուսում»: Արդեն 100-րդ անգամ եմ կրկնում՝ ես երբեք չեմ ծաղրել հաշմանդամ լրագրողին, և երբեք նման բան չեմ անի: Ընդամենը՝ նրան իր տեղն եմ ցույց տվել 16 տարվա վաղեմության պատմությունը ամբողջովին փոխելու համար, որի նպատակն էր վատ լույսի ներքո ներկայացնել ինձ», - «Թվիթերում» գրել է ԱՄՆ նորընտիր նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG