Մատչելիության հղումներ

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է


Մեր արվեստասեր հասարակայնությունը ամեն տարի հունվարի 9-ին՝ աշխարհահռչակ կինոռեժիսորի ծննդյան օրը, մեկ անգամ ևս առիթ ունի շփվելու իր մեծերից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի թողած ժառանգությանը նրա երևանյան թանգարանում, որի հյուրընկալ դռները բաց են այցելուների առաջ անգամ ամանորյա օրերին՝ սկսած հունվարի 1-ից:

Ավանդաբար Փարաջոնովի ծննդյանը օրը թանգարանի աշխատակիցները պատրաստում են նրա սիրած հարիսան ու մատուցում թանգարանի այցելուներին:

Թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ մեծագույն երջանկություն է համարում Փարաջանովին ճանաչելն ու նրա հետ շփվելը․ - «Կարծում եմ, ով նրան տեսել է գոնե մի անգամ, այս նույն բանը կարող է ասել: Մյուս կողմից, ասյօր մտածում եմ՝ ի՜նչ ուժ պիտի ունենա մարդը, ի՜նչ տաղանդի տեր պետք է լինի, որ այդ փակ երկրում ապրելով, ամբողջ կինոաշխարհը ճանաչի նրան»:

Արվեստագետ, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, սակայն, շատ է ցավում, որ այսօր մեր հասարակության, մեր ժողովրդի մեծ մասը կտրվել է արվեստից ու իր մեծերից:

«Ժողովրդին կրթել է պետք», - համոզված է արվեստագետը: - «Ես, երբ շրջում եմ շրջաններով, մեկ-մեկ այնպիսի տգիտություն եմ տեսնում, որ զարմանում եմ: Օրինակ, Նոր տարի է, տասը օր է, հեռուստատեսությունը, որ միացնեք, բոլոր ալիքներով համարյա պարում են ու ինչ-որ երաժշտություն է նույնանման․․․ Փոքր հաղորդումներ արեք, ֆիլմեր, որ մարդիկ ծանոթանան․․․ մի քիչ մոտիկացրեք նրանք մեր մեծերին, արվեստին: Չկա սա, որովհետև դա պահանջում է աշխատանք»:

Փարաջանովի թանգարան, ըստ վիճակագրության, ամենաշատ այցելություններն են տեղի ունենում, բայց հենց այդ այցելությունների քանակով է պայմանավորված Զավեն Սարգսյանի մտահոգությունը․ - «Միլիոնանոց քաղաքում տասը հազար մարդ որ գա թանգարան: Էլ չեմ ասում, որ շատերը շրջաններից են: Երեքմիլիոնանոց հանրապետությունը դա շատ փոքր թիվ է: Դեռ մեր թանգարանը ավելի այցելվող է․․․ Բա ինչո՞ւ մարդիկ չգան իրենց մեծերի թանգարանները՝ Քոչարին, Սարյանին այցելեն, իմանան, ծանոթանան»:

Հարցին, թե ինչ պետք է անել դրան հասնելու համար, Սարգսյանն արձագանքեց․ - «Չգիտեմ․․․ Ինձ համար գիտեք ինչն է շատ ծանր, երբ սկսում եմ մտածել: Մենք ասում ենք, որ մենք շատ խելոք ենք: Բայց եթե այդպես է, այդ դեպքում ինչո՞ւ դու չես ուզում քո երկիրը դարձնես օրինակելի երկիր: Ասենք, Իսրայելը, որ շատ ծանր վիճակում է, այնտեղ է ուրիշ ձևի է դրված ամեն ինչը: Լավ, չի՞ կարելի, որ հայ մարդը այդպես լինի՝ չհանդուրժի կաշառակերին, տգետին․․․ Ամոթ չի, որ ասեն՝ ընտրակաշառք են բաժանում․․․ Այդ ի՞նչ վիճակում պիտի լինես, ինչքա՞ն քեզ չսիրես, որ տենց բաների գնաս: Ընտրություն է՝ ընտրիր: Թող ամեն մեկը իր համար պատասխան տա, այնպիսի մարդ ընտրի, որին վստահելու է: Ի՞նչ է նշանակում՝ թողնես-գնաս: Մյուս ինչո՞ւ չեն գնում իրենց երկրներից: Պայքարում են, փոխում են երկիրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG