Մատչելիության հղումներ

ԼՀ-ն Վանաձորի ավագանին լուծարելու առաջարկով դիմելու է Կառավարություն


Էդմոն Մարուքյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Էդմոն Մարուքյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» (ԼՀ) կուսակցությունը վաղը կդիմի Կառավարություն Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու առաջարկով:

«Ազատության» հետ զրույցում Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանն ասաց, որ արդեն երեք ամիս է, ինչ նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի (ՀՀԿ) գլխավորած ավագանին չի կարողանում նիստեր գումարել և որոշումներ կայացնել, հետևաբար՝ անգործունակ է․ - «Օրենքով սահմանված դրույթ կա, որ մեկ տարի հետո կարելի է իմփիչմենթի գործընթաց նախաձեռնել: Բայց նաև օրենքի մյուս կետ էլ կա, որը ասում է, որ վեց ամիս նիստեր չգումարելու պարագայում ավտոմատ կերպով լուծարվում է ավագանին, և այդ պարագայում արդեն չկա նման դրույթ, որ կառավարությունը կարող է լուծարել կամ կարող է չլուծարել»:

Հոկտեմբերի 2-ին անցկացված ընտրություններից հետո Վանաձորի քաղաքապետ դարձած Մամիկոն Ասլանյանը հակադարձում է, թե իրավական հիմք չկա այժմ ավագանու գործունեությունը դադարեցնելու համար․ - «Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր, եթե այդ երեք ամսվա ընթացքում ավագանու նիստ չգումարվեր, նոր այդ ասած ժամկետը կարող էր կրճատվել: Բայց քանի որ հոկտեմբերին գումարվել է ավագանու նիստ, հետևաբար այդ հերթական նստաշրջանի վրա իրենց ասածը չի կարող ազդել: Կառավարությունում հաստատ կգտնվեն նորմալ իրավաբաններ, ովքեր նորմալ կպատասխանեն ու կարձագանքեն, որ որևէ ժամկետ հունվարի 10-ին լրանալ չի կարող»:

Հոկտեմբերին անցկացված ընտրություններում որևէ ուժ Վանաձորի ավագանիում մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքել, ինչից հետո ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդն» ու «Բարգավաճ Հայաստանը» պայմանավորվել էին քաղաքապետ ընտրել Քրիստ Մարուքյանին: Այդուհանդերձ, փակ քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ դարձավ իշխող հանրապետականի թեկնածուն:

Դրանից հետո ընդդիմադիրները որոշեցին բոյկոտել ավագանու նիստերը: Առայժմ, Քրիստ Մարուքյանի փոխանցմամբ, քննարկման փուլում է հարցը, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» կմիանան ավագանին լուծարելու առաջարկությամբ «Լուսավոր Հայաստանի» դիմումին:

Ընդդիմադիր գործչի պնդմամբ՝ վանաձորցիների հետ իրենց շփումները ցույց են տվել, որ բնակչությունը համաձայն է ավագանու նիստերին չմասնակցելու իրենց որոշման հետ: Այդուհանդերձ, նախօրեին սուրբծննդյան պատարագի ժամանակ քաղաքական այս խնդրին էր անդրադարձել և համախմբման կոչ արել Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը․ - «Այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին և վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժեր, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել»:

«Արքեպիսկոպոսի խոսքն ընդդիմադիրներին էր ուղղված, այնինչ ոչ մի քննադատություն չուղղվեց իշխանության հասցեին», - նկատում է Քրիստ Մարուքյանը, ով ևս ներկա է եղել պատարագին․ - «Դրանով, կարծես թե, ինքը իր անկողմնակալ կերպարը, որը պետք է ունենար, այդ դիրքորոշմամբ նա կորցրեց անկողմնակալությունը: Այս ընթացքում տարբեր բաներ են տեղի ունեցել՝ ընտրությունների ընթացքում, ընտրություններից հետո, այդ խայտառակությունից հետո: Այսինքն, որևէ կերպ նույն ձևի մասնակցություն կամ ներգրավվածություն կամ հորդորներ մենք չենք լսել մյուս կողմին ուղղված»:

Գործող քաղաքապետը ևս զարմացած է, որ արքեպիսկոպոսն անդրադարձել է ավագանու խնդրին, սակայն կողմնակալություն նրա խոսքում Մամիկոն Ասլանյանի չի տեսնում․ - «Սրբազանը այն անձն է, որը մարզում նաև իր ընբոստ ու բոցաշունչ ելույթներով է նաև հայտնի, որոնք ուղղված են եղել թե՛ հանրապետական իշխանություններին, թե՛ կառավարությունն ու թե՛ մարզպետին, թե՛ քաղաքապետին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG