Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարը գոհ է դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղարի հայտարարությունից։ Վիգեն Սարգսյանի խոսքով Նիկոլայ Բորդյուժան արտահայտվել է ոչ միայն իր անունից։

«Գլխավոր քարտուղարի հայտարարությունը, կարծում եմ, շատ հստակ էր։ Գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ-ի կարևորագույն ինստիտուտներից է և նիստերի միջև ընկած ժամանակահատվածում նա արտահայտում է կազմակերպության կարծիքը, որևէ ավելացնելու բան այդ առումով չունեմ», - այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նիկոլայ Բորդյուժան Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը որակել էր սադրիչ, սակայն չէր հստակեցրել, թե ով է սադրանքի հեղինակը: Այս հայտարարությունից օրեր անց Բորդյուժան հրաժեշտ տվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին։ Թեև դեռևս 2015թ ռոտացիոն կարգով այդ պաշտոնը պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, այս տարվա հունվարի երկուսին գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Հայաստանի պաշտպանության նախարարը լավատես է, կարծում է՝ առաջիկա ՀԱՊԿ գագաթաժողովին հարցը լուծում կստանա։

«Բորդյուժային չի փոխարինել իր տեղակալը, նա պարզապես ժամանակավոր պաշտոնակատար է, մինչև գագաթաժողովը, երբ պետք է որոշում կայացվի այդ հարցի վերաբերյալ։ Ինչպես գիտեք ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, դրանք քաղաքական գործընթացի արդյունք են։ Ես վստահ եմ, որ ամեն ինչ լինելու է նորմալ», - ասաց նախարարը:

Դեկտեմբերի 29-ից հետո սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վստահեցնում է՝ Չինարիում կատարվածը վերլուծել են պաշտպանական գերատեսչությունում։ Մովսես Հակոբյանի խոսքով, հայկական ուժերը վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և հաջողությամբ կասեցրել հակառակորդի ծրագրած գործողությունը․ - «Հակառակորդը, որը խնդիր է իրականացրել, խոցվել է մեր կողմից և դին գտնվում է մեր մոտ։ Իսկ մնացած գործողությունները գաղտնի են, լրատվամիջոցներին կամ հասարակությանը տեղեկացնելը նպատակահարմար չէ։ Ընդհանուր կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է աջակցելու, բավականին հմուտ է գործել և հնարավորություն չի տվել հակառակորդին իր նպատակը իրագործել»:

Հակոբյանի պնդմամբ՝ ապրիլյան պատերազմից հետո պաշտպանական ոլորտը էականորեն վերազինվել է, առաջնագծում տեղադրվել են ժամանակակից տեխնիկական միջոցներ, ինչն ըստ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, առավել արդյունավետ է դարձրել սահմանների պաշտպանությունը։

«Այն հագեցվածությունը, որը կատարվել է առաջնագծում իր դրական արդյունքը տվել է։ Տասնյակ դեպքեր ունենք, որ մենք ժամանակին հայտնաբերել ենք կամ կանխորոշել ենք հակառակորդի գործողությունները և կարողացել ենք կանխարգելիչ միջացառումներ իրականացնել, որպեսզի հակառակորդն իր նպատակին չհասնի»։

XS
SM
MD
LG