Մատչելիության հղումներ

Մեկնարկեց ձմեռային զորակոչը


Ռազմական գերատեսչության ղեկավարները վստահեցնում են, թե ամեն ինչ անելու են, որ առաջնագծում չհայտնվեն միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Կենտրոնական զինվորական հավաքակայանում մեկնարկեց այս տարվա առաջին զորակոչը։ Ապագա զինվորները ապակյա տարաներից իրենց ձեռքով ընտրում էին զորամասի վայրը մատնանշող փակ ծրարներից մեկը։ Առաջին զորակոչին հետևող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի պնդմամբ, վիճակահանության այս գործընթացը բացառում է կոռուպցիոն եղանակներով զորամասեր ընտրելը։

«Յուրաքանչյուր օր այն թմբուկներում, որ դուք տեսնում եք այստեղ տեղադրված, հավասարաչափ բաշխված են այն զորամասերը, որտեղ կա մարտական հերթապահության մասնակցության խնդիր և այլ զորամասեր: Ընդհանուր առմամբ, իհարկե, դա շատ հարաբերական հասկացություն է, որովհետև հասկանալի է, որ մեր մարտահրավերներն այնպիսին են, որ Աստված մի արասցե, լարվածության առաջանալու դեպքում մենք բոլորս հայտնվելու ենք նույն պահին այն վայրում, որտեղ առավել կարիքը կա, անկախ նրանից՝ ով որ զորամասում է ծառայում», - ասաց պաշտպանության նախարարը:

«Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբը վճռական են, որպեսզի արդարության սկզբունքը պահպանվի և նախորոշվի այն ծառայության վայրը, որը նորակոչիկն ընտրել է ծառայության ընթացքում», - ասաց Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

Ռազմական գերատեսչության ղեկավարները վստահեցնում են, թե ամեն ինչ անելու են, որ առաջնագծում չհայտնվեն միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։ Հավաքակայանում հատուկ սենյակում զորակոչիկների հարազատները ուղիղ հեռարձակմամբ կարողանում էին հետևել վիճակահանության ամբողջ ընթացքին։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, վերջին մեկ տարում կատարված փոփոխություններով էականորեն բարելավել է զորակոչային գործընթացը։ Նախարարը կարևորում է հատկապես բուժսպասարկման նորամուծությունը։ Զորակոչիկներն այսուհետ մինչև կենտրոնական հավաքակայան գալը ամբողջական բուժզննում են անցնում համայնքներում:

«Մենք շատ սկզբունքային խնդիր ենք դրել կենտրոնական հանրապետական հանձնաժողովի առջև՝ ուսումնասիրելու յուրաքանչյուր դեպքը: Իհարկե մենք նաև մտահոգությամբ ենք ֆիքսում, որ շատ նորակոչիկներ գալիս են հաստ հիվանդությունների փաթեթով և յուրաքանչյուր դեպքում հասկանալու խնդիր կա դրա հիմնավորվածությունը: Զինված ուժերի շահերից է բխում, որ ծառայություն անցնեն այն մարդիկ, ովքեր ֆիզիկապես ի վիճակի են դա անելու», - նշեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարի խոսքով զորակոչային գործընթացին զուգահեռ կատարելագործվել են նաև զորամասերը, առաջնագիծը համալրվել է անհարժեշտ զինտեխնիկայով․ - «Սահմանների զինումը արդիական տեխնիկայով մշտական գործընթաց է: Այն ոչ սկիզբ ունի ոչ էլ ավարտ: Այն պահից, երբ տեղադրվում է նոր տեխնիկա, նույն պահին հայտնվում է այդ տեխնիկայի չեզոքացման կամ դրա հնարավորությունների նվազեցման և էլ ավելի արդիական տեխնիկայի տեղադրման հնարավորություն: Չկա այնպիսի տեխնիկա, որ բացառի ներթափանցումը, բայց իհարկե , ինչքան ավելի կահավորված է առաջնագիծը, այդքան ավելի քիչ է հնարավորությունը ներթափանցման և մենք ապրիլից ի վեր տեսնում ենք, որ այդ երևույթը ապացուցվում է փաստերով՝ թվաքանակով փորձերի ներխուժման և դրանց արձագանքման մեր կարողությամբ»:

Այսօրվանից մեկնարկած զորակոչը կշարունակվի մինչև հունվարի վերջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG