Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը չի մեկնաբանում լուրը, որ Գավառում սպանված երիտասարդը փոխմարզպետի որդին է


ՀՀ Ոստիկանության շենքը, լուսանկարը՝ «Ֆեյսբուք»-ի
ՀՀ Ոստիկանության շենքը, լուսանկարը՝ «Ֆեյսբուք»-ի

Ոստիկանության Լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Գավառի Ազատության փողոցում անհայտ անձի կողմից սպանվել է 28-ամյա Հայկ Հակոբյանը։

«Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ճշտելու, կատարողի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց Ջանոյանը։ Վերջինս չմեկնաբանեց շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ սպանվածը Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին է։

Այսօր ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: «Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ կազմվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ա. Մանուկյանը: Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է թվով 7 պարկուճ և երկու գնդակ: Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ»,- նշված է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG