Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ:

«Նորոգության ավետարանական պատգամը և առաքելական հորդորը մշտահունչ և կենսունակ են մեր ժողովրդի համար: Ավետարանով նորոգյալ կյանքը դարեր շարունակ մեր ազգին պարգևել է հավատքի զորություն, հոգու ամրություն ու արիություն՝ դիմակայելու փորձությունների, համբերելու նեղությունների և արարելու գրո հիշատակի արժանի գործեր», - իր խոսքում նշեց Կաթողիկոսը, - «Նույն ոգով այսօր դիմագրավում ենք հայրենի մեր երկրի անօրինական շրջափակմանը, կյանքեր խլող սադրիչ ռազմական գործողություններին, հաղթահարում մեր առջև ծառացած դժվարությունները, դիմակայում մարտահրավերներին և ջանքեր բերում՝ կերտելու խաղաղ ու բարօր կյանքը մեր ժողովրդի, սատար կանգնելու Մերձավոր Արևելքում պատերազմական դժվարությունները կրող մեր քույրերին ու եղբայրներին: Ներկա հիմնախնդիրների, նեղությունների հանդիման Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնը կյանքի նոր արշալույս է բացում, ջերմացնում մեր հոգիները և հավելում հույս ու լավատեսություն»:

Փրկչի Ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունների առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Ուշագրավ է, որ արևելյան քրիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի Ծննդյան տոնը կապել են Աստվածհայտնության, այսինքն՝ Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Բայց 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես սահմանել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր՝ այսպիսով հնուց ի վեր հենց այդ օրը տոնվող Միտրայի տոնակատարությունները ժողովրդի համար վերածելով նոր կրոնական իրադարձության:

451 թվականին Քաղկեդոնի ժողովը վերջնականապես դեկտեմբերի 25-ը սահմանեց Փրկչի Ծննդյան տոն: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ Առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի Մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, Կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին:

XS
SM
MD
LG