Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների համոզմամբ, նախագահն իր ուղերձում վիճարկում էր նախորդ ընտրությունների արդյունքները


Նախագահ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձում ըստ էության վիճարկում է երկրում տեղի ունեցած նախորդ ընտրությունների արդյունքները։ «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի խոսքերը, թե «Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց»։

«2017 թվականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրությունները: Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի մեր պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց», - ասել էր նախագահը։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը իր ուղերձում չի հերքել, որ արդեն շուրջ 25 տարի է հասարակությունը չունի վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ։

«Հանրությունը կարող է այս միջոցառումը դիտարկել որպես քաղաքական մի այնպիսի գործողություն, որի միջոցով նա կարող է տապալել գործող ռեժիմը։ Դա արդեն ուրիշ հարց է, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանն ունի մտահոգություններ և վախեր, և հենց այդ վախերի մասին է խոսվում նրա ուղերձում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ գործող նախագահի վախերը հենց իր անձի շուրջ կուտակված անվստահության և ատելության պայթյունն է, որը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո։ «Ինքը հասկանում է, որ չի ունենալու այն քվեն, որը նա ցանկանում է ամրագրել։ Այսինքն՝ պետք է կեղծվեն ընտրությունները, որոնց արդյունքում ինքը կհռչակվի բռնապետ։ Այդ խութերի մասին է խոսում, իր մտահոգությունն այդ տիրույթում է։ Ցանկանում է ամեն ինչ անել, որ դրանք ի հայտ չգան», - ասաց Փոստանջյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս կարծում է, որ խոսքը հետընտրական պրոցեսների և դրանց բացառման մասին է։ Ըստ Մարուքյանի, դրանք չեն լինի միայն ազատ, արդար ընտրությունների պարագայում։

«Նախընտրական խոսքեր են, որևէ մեկը դրանցով չի լցվել հույսով։ Միշտ էլ ասվել են, բայց ոչինչ չի փոխվել։ Ես բացի բացասականից, դրական որևէ փոփոխություն չեմ տեսել։ Իսկ նոր կառավարությունն ասուլիսներից բացի ոչինչ չի արել», - ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում դրական փոփոխություններ կլինեն բացառապես այն դեպքում, երբ իշխող Հանրապետական կուսակցությունը դառնա ընդդիմություն։

Իրազեկ քաղաքացիների միավորման անդամ Դանիել Իոաննիսյանը, ով ակտիվորեն մասնակցել է ընտրական նոր օրենսգրքի շուրջ անցկացված բանակցություններին, կարծում է, որ օրենսգրքի փոփոխությունները խոսում են միայն այն մասին, որ կեղծիքներ տեղամասերում չեն լինելու, և այդ հիմնական կեղծիքները տեղի են ունենալու տեղամասերից դուրս։

«Հասարակության վստահությունը կամ չվստահությունը ընտրությունների նկատմամբ ավելի շատ պայմանավորված է նրանով, որ փոքր երկիր է, բոլորը գիտեն, թե ով, ում է սիրում։ Երբ ընտրվում է մի ուժ, որը չունի հանրային վստահություն, ընտրություններն էլ չեն կարող ունենալ վստահություն», - ասաց Իոաննիսյանը։

XS
SM
MD
LG