Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների Կոնգրեսում այսօր լսումներ են անցկացվում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների վերաբերյալ, ինչը ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածելի է համարում:

Լսումներն անցկացվում են Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովում, որի ղեկավար հանրապետական Ջոն ՄըքՔեյնը համոզված է, որ ԱՄՆ-ի վրա հաքերային հարձակումներ են կատարվել և դրանց հետևում կանգնած է Մոսկվան:

Լսումներին մասնակցում են ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարները՝ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը և Պենտագոնի ղեկավարի հետախուզության գծով տեղակալ Մարսել Լեթերը:

Մինչ լսումները ամերիկյան հատուկ ծառայությունների պաշտոնյաները պնդել էին, որ ընտրարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև առանձին անհատների կայքերը, հաքերային հարձակումների են ենթարկվել, և որ այդ հարձակումների հետևում կանգնած է Ռուսաստանը: Ամերիկյան հետախուզության պաշտոնյաները նաև նշել էին, որ հաքերային հարձակումների նպատակը Թրամփին օգնելն էր՝ հաղթելու իր մրցակից դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին:

Դեմոկրատների ազգային կոմիտեի և Հիլարի Քլինթոնի քարոզարշավի պատասխանատուներից Ջոն Պոդեստայի համակարգչից գողացված տվյալները հայտնվել են մամուլում՝ վնաս հասցնելով Հիլարի Քլինթոնի քարոզարշավին:

Մոսկվան բազմիցս հերքել է այս պնդումները: Բացի դեմոկրատներից, մի շարք հանրապետակններ ևս գտնում են, որ նախընտրական շրջանում ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից հաքերային հարձակումների է ենթարկվել, սակայն դա չեն կապում Թրամփի հաղթանակին օգնելու հետ:

Հանրապետական ազդեցիկ սենատոր ՄըքՔեյնը կողմ է այդ խնդիրները ուսումնասիրելու նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու՝ դեմոկրատների առաջարկին։

Ինքը՝ Թրամփը, կասկածի տակ դնելով հաքերային հարձակումների միջոցով ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերը, հարցականի տակ է դնում նաև ամերիկյան հետախուզական ծառայությունների եզրահանգումները:

Չորեքշաբթի օրը Թվիթերի իր էջում նա պաշտպանել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարծիքը: Թրամփը Թվիթերում գրել է. - «Ասանժն ասել է, որ 14 տարեկանը կարող է կոտրել Պոդեստայի կայքը, ինչո՞ւ է Դեմոկրատների ազգային կոմիտեն այդքան անզոր»։

Նա նաև ասել է, որ ռուսներն իրեն ինֆորմացիա չեն տվել: Թրամփը նաև մեջբերել է Ասանժի տեսակետը, որը նա հատնել էր Fox news-ին տված հարցազրույցում, թե ամերիկյան մամուլը խնդիրը լուսաբանել է «շատ անազնիվ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նոյեմբերի 8-ի քվեարկությունից առաջ WikiLeaks-ը հրապարակ էր Դեմոկրատների ազգային կոմիտեի կայքից և Ջոն Պոդեստայի համակարգչից գողացված ինֆորմացիան: Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի իշխանությունները Ջուլիան Ասանժին մեղադրում են պետական գաղտնիքներ բացահայտելու մեջ:

2012 թվականից Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Շվեդիայի իրավապահները նրան կասկածում են Ստոկհոլմում սեքսուալ բնույթի հանցագործություն կատարելու մեջ, բրիտանական դատարանը համաձայնել է նրան արտահանձնել Շվեդիային: Սակայն Ասանժը գտնում է, որ այդ պատրվակով ցանկանում են իրեն ձերբակալել, իսկ հետո հանձնել ԱՄՆ-ի իշխանություններին:

ԱՄՆ-ի վրա հաքերային հարձակումների պնդումների հետ կապված, Թրամփը և նրա մերձավոր շրջապատը կարծում են, որ դեմոկրատները փորձում են կասկածի տակ դնել Թրամփի հաղթանակի լեգիտիմությունը՝ Ռուսաստանի իշխանություններին մեղադրելով նրան օգնելու մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետախուզական ծառայություններին հանձնարարել է մինչև հունվարի 20-ը ամփոփիչ զեկույց ներկայացնել:

Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Բրենան հունվարի 3-ին տված հարցազրույցում ասել է, թե աշխատանքներն ավարտական փուլում են: «Զեկույցը ցույց է տալու, թե ինչ է արել Ռուսաստանը, ինչպես է արել, և ինչպես ենք մենք իմացել դա», - ասել է կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարը:

Վաղը նախատեսված է Դոնալդ Թրամփի հանդիպումը ամերիկյան հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ: Ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսն ասել է, որ ուրբաթ օրը Թրամփը և ինքը կլսեն հետախուզական ծառայությունների համառոտ զեկույցները:

Հետախուզական ծառայությունների եզրահանգումների նկատմամբ Թրամփի թերահավատության մասին, Փենսն ասել. - «Կարծում եմ, որ ընտրյալ նախագահը շատ անկեղծ և առողջ հոռետեսություն է արտահայտել ամերիկյան հետախուզության եզրահանգումների վերաբերյալ»։

The Wall Street Journal-ը հունվարի 4-ին գրել է, թե Թրամփի վարչակազմը մտադիր է բարեփոխել ամերիկյան հետախուզական ծառայությունը: Ըստ հրապարակման, Թրամփն ու նրա շրջապատը գտնում են, որ այդ ծառայությունները անհարկի քաղաքականացված են, վատ են համակարգում իրենց աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG