Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Հարադինային: Այս մասին տեղեկացրել է Կոսովոյի արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ ֆրանսիական կողմն այդ քայլին է դիմել Սերբիայի պահանջով:
Պաշտոնական Բելգրադը պնդում է, որ նախկին դաշտային հրամանատար Ռամուշ Հարադինայն ու նրա ենթակայության տակ գործած ջոկատները 1998-ից 1999 թվականներին Կոսովոյում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել:
Հարադինայը ձերբակալվել է չորեքշաբթի օրը ֆրանսիական Մյուլուզ քաղաքի օդանավակայանում` Պրիշտինայից ժամանելուց անմիջապես հետո:
Նախկինում Հարադինայի դեմ ներկայացված այս մեղադրանքները երկու անգամ քննել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հատուկ դատարանը` արդարացնելով նրան: