Մատչելիության հղումներ

2016- ին Հայաստանը շարունակեց հսկայական պարտքեր կուտակել, տարին փակվեց ՀՆԱ-ի՝ ընդամենը 0,5 տոկոս աճով


Գյումրիի տեքստիլ արտադրանքի ֆաբրիկայում, արխիվ
Գյումրիի տեքստիլ արտադրանքի ֆաբրիկայում, արխիվ

Թե ինչպիսին էր 2016 թվականը տնտեսական առումով, Հայաստանի քաղաքացիները, թերևս, երբեք չեն իմանա: Մարդիկ մտածում են՝ եթե տնտեսությունն աճել է, ուրեմն պետք է ավելի լավ ապրեն, եթե ոչ՝ վատ են ապրելու: Այս առումով, սակայն, աննախադեպ երևույթ գրանցվեց՝ Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները հանդես եկան տնտեսության վերաբերյալ հակադիր գնահատականներով:

Հեռացող վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն գոհ էր տնտեսական արդյունքերից, այլև՝ սեպտեմբերին կառավարության նիստում հայտարարեց՝ Հայաստանն անցել է որակապես նոր տնտեսական աճի:

Սակայն, ընդամենը վեց օր անց՝ արդեն նոր վարչապետ Կարեն Կարապետյանը ճիշտ հակառակ համոզմունքը հայտնեց: «Տնտեսության վիճակը չափազանց ծանր է»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Գազպրոմի» նախկին բարձրաստիճան կառավարիչը:

Հակասություններն այսքանով չավարտվեցին․ շաբաթներ անց իշխող Հանրապետականի համագումարում, նախագահ Սերժ Սարգսյանը հանրությանն իրազեկեց՝ 2007-2015 թվականներին Հայաստանը գրանցել է գրեթե 30 տոկոսի տնտեսական աճ, իսկ բնակչության բարեկեցությունն էականորեն աճել է:

Ազգային վիճակագրական ծառայության և ֆինանսների նախարարության տվյալներով, եթե 2008 թ. տնտեսական ճգնաժամից առաջ երկրի համախառն ներքին արդյունքը կազմում էր 11,9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը 1,9 միլիարդ դոլար էր, ապա 2015-ը փակեցինք 10,5 միլիարդ դոլարի ՀՆԱ-ով, իսկ պետական պարտքն ավելացել էր 2,6 անգամ՝ կազմելով 5 միլիարդ 71 միլիոն դոլար:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք անցած՝ 2016 թ. արդյունքներով: Չնայած իշխանությունների հայտարարված տնտեսական աճին, երկիրը շարունակեց հսկայական պարտքեր կուտակել: Ըստ ֆինանսների նախարարի, 2016 թ. պետական պարտքն ավելացել է մոտ մեկ միլիարդ դոլարով՝ հասնելով 5 միլիարդ 905 միլիոնի: Պաշտոնական տվյալներով, 2016 թ. տնտեսությունն աճել է ընդամենը 0.5 տոկոսով: Հետևաբար, տարվա վերջում մեր ՀՆԱ-ն կազմել է 10,7 միլիարդ դոլար, այսինքն՝ դեռ չենք հասել նախաճգնաժամյան մակարդակին:

2016 թ․ արդյունքով Հայաստանի տնտեսությանն առնչվող՝ «Ազատության» ամփոփիչ անդրադարձը կարող եք դիտել ստորև բերված տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG