Մատչելիության հղումներ

Սիրիայի ապստամբները սառեցնում են խաղաղ բանակցությունները


Սիրիա - Ապստամբները Իդլիբ նահանգում, արխիվ

Սիրիայի ապստամբ ուժերը հայտարարել են, որ սառեցնում են Ռուսաստանի միջնորդած խաղաղ բանակցությունները, որովհետև Սիրիայի կառավարական զորքերը հրադադարի հաստատումից չորս օր անց՝ հունվարի 2-ին ակտիվացրել են գրոհները Դամասկոսի և Հալեպի շրջաններում:

Ընդդիմադիր ուժերի հայտարարությունում նշված է, որ կառավարական զորքերի և Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերի տարածքային որևէ առաջխաղացում վերջ կդնի խաղաղ բանակցությունները վերսկսելու ջանքերին, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ դեկտեմբերի 30-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը:

«Ռեժիմը և իր դաշնակիցները շարունակում են կրակն ու բռնությունները՝ սպառնալիքի տակ դնելով հարյուր հազարավոր մարդկանց կյանքը», - ասված է «Սիրիական ազատ բանակի» մոտավորապես մեկ տասնյակ զինյալ խմբերի հրամանատարների ստորագրած հայտարարությունում:

Սիրիայի հակամարտության հակառակ կողմերին պաշտպանող Ռուսաստանի ու Թուրքիայի միջնորդությամբ անցած տարեվերջին հրադադարի համաձայնություն ստորագրվեց, իսկ այս ամսվա վերջին Ռուսաստանը ձգտում է Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև խաղաղ բանակցություններ կազմակերպել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG