Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը զգուշացնում է` ադրբեջանական կողմին միշտ տրվելու է «անհամաչափ» պատասխան


Դեկտեմբերի 29-ին Չինարիում կատարվածը պատասխան էր նրանց, ովքեր ռացիոնալ են փնտրում իռացիոնալի մեջ, հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` ըստ էության հակադարձելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով ՀԱԿ համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել էր ռացիոնալ քաղաքական գործիչ:

«Կարծում եմ, որ որևէ տրամաբանական բացատրություն այս փորձին գոյություն չունի: Սա ուղղակի այլատյացության, ներքին ագրեսիայի ձևավորման, զինվորական առումով չբացատրելի արարքները հերոսացնելու երկարաժամկետ, չափազանց իռացիոնալ քաղաքականության արդյունքն ու դրսևորումն է», - նշել է Վիգեն Սարգսյանը:

Տարեվերջան ամփոփիչ հարցազրույցից առանձնացված ու ընդամենը մեկուկես րոպե տևողությամբ հրապարակված այս տեսանյութում պաշտպանության նախարարը, այդուհանդերձ, անուններ չի հնչեցնում: Շարունակելով Չինարիի թեման պաշտպանության նախարարը պնդում է, թե հայկական դիրքեր ներթափանցած հակառակորդը ստացել է պատժիչ պատասխան:

«Ինչպես միշտ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերը այդ փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ, և այդ մոտեցումը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հակառակորդը չհասկանա, որ անիմաստ է փորձել լուծել մի խնդիր, որը այդպես չի լուծվում` ռազմական ճանապարհով», - ասել է Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք` Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, դեկտեմբերի 29-ին Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, դիպուկահարների և նռնականետերի կիրառմամբ մարտերը շարունակվել էին մինչև կեսօր, դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ:

«Մենք յուրաքանչյուր կորուստ որ ունենում ենք զինված ուժերի, դա մեր ողջ ժողովրդի և ողջ երկրի կորուստն է, և չկա որևէ գին, որը պարտադրելով հակառակորդին մենք կլրացնենք այդ կորուստը: Բայց գինը միշտ լինելու է և այդ գինը լինելու անհամաչափ, այնքան ժամանակ, ինչքան դա պահանջվի մինչև վերջ հասցնելու համար այս գաղափարը հակառակորդին», - նշել է պաշտպանության նախարարը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին այս գիշերն անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի, ընդհանուր առմամբ` հրաձգային զենքերից հնչել է մոտ 7 տանսյակ կրակոց, զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:

Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում այս գիշեր նույնպես հնչել են կրակոցներ: ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից,դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից /10 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG