Մատչելիության հղումներ

Թուրքիայի Մեջլիսի հանձնաժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների առաջարկը


Թուրքիայի խորհրդարանի շենքը, արխիվ

Այդ առաջարկի՝ օրենքի ուժ ստանալու դեպքում Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգի։

Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը 9-օրյա քննարկումներից հետո այսօր ընդունել է «Արդարություն և զարգացում» կուսակցության 316 պատգամավորների ստորագրությամբ ներկայացված սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որով Թուրքիան անցում է կատարելու նախագահական կառավարման համակարգի։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ հանձնաժողովին ներկայացված առաջարկը 21 կետից էր բաղկացած, սակայն, երկար քննարկումների արդյունքում, ընդունվել է դրանցից 18-ը։ Փաստաթղթի համաձայն, նախագահը, որն այսուհետ կարող է լինել կուսակցական, ընտրվելու է 5 տարի ժամկետով։ Նա նշանակելու է մեկ կամ մեկից ավելի փոխնախագահներ։ Խորհրդարանական ընտրությունները ևս 5 տարին մեկ են անցկացվելու՝ նախագահական ընտրությունների հետ միևնույն օրը։

Խորհրդարանականների թիվն ավելանալու է՝ հասնելով 600-ի։ Պատգամավոր ընտրվելու իրավունք ունենալու են 18 տարին լրացած քաղաքացիները՝ նախկին 25-ի փոխարեն։ Երկրի մայր օրենքում էական փոփոխություններ նախատեսող այս առաջարկը սահմանադրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո ներկայացվելու է Թուրքիայի ազգային մեծ ժողովի քննարկմանը։ Ամենայն հավանականությամբ, նոր սահմանադրությունը Մեջլիսում կքննարկվի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում։

Սահմանադրական այս առաջարկը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է 330 պատգամավորական քվե: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունւ, սակայն, միայն 317 մանդատ և 316 քվե ունի, քանի որ խորհրդարանի նախագահը քվեարկելու իրավասություն չունի։ Հետևաբար, աահմանադրական փոփոխությունների առաջարկը հեղինակած կուսակցությունը հարկադրված է համաձայնության գալ խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերից առնվազն մեկի հետ:

Այս հարցում Էրդողանի քաղաքական հենարան հանդիսացող ուժը կարծես թե համաձայնության եզրեր է գտել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Եթե ազգայնական 40 պատգամավորները կողմ քվեարկեն առաջարկին, ապա նոր սահմանադրության ընդունման հարցն արդեն կախված կլինի քաղաքացիների որոշումից։

Հաջորդ տարվա գարնանն ակնկալվող հանրաքվեի շուրջ անցկացված վերջին սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նոր սահմանադրությանը կողմ և դեմ քաղաքացիների կարծիքները մոտավորապես հավասար են: Նոր սահմանադրությանը կտրականապես դեմ են «Ժողովրդա-հանրապետական» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների աջակիցները։ Ազգայնական կուսակցության համակիրների կեսից ավելին ևս դեմ է նոր սահմանադրությանը, նրանք կարծում են, որ այն կհանգեցնի Թուրքիայի մասնատմանը։

Ներկայումս Թուրքիայում գործում է 1982 թվականին ընդունված սահմանադրությունը, որը մի շարք փոփոխությունների է ենթարկվել 2010 թվականի սեպտեմբերի 12-ի հանրաքվեի արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG