Մատչելիության հղումներ

Գյումրիում հաջորդ տարի կմեկնարկի փողոցաշինության ծրագիրը


Տեսարան Գյումրիի անբարեկարգ փողոցներից, արխիվ

Այդ ծրագրով 3 տարվա ընթացքում 3 փուլով ընդամենը 16 կմ երկարությամբ ճանապարհ է հիմնանորգվելու, նաև արտաքին լուսավորության ցանցն է արդիականացվելու:

Գյումրիում հաջորդ տարի կմեկնակի 23,8 մլն եվրո վարկային միջոցներով փողոցաշինության ծրագիրը։ Այսօր Գյումրիում ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստորագրեցին «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման հուշագիրը:

Փողոցաշինության այս ծրագրի մասին դեռևս մեկ տարի առաջ՝ սահմանադրական հանրաքվեի նախօրեին հայտնի դարձավ, երբ Սերժ Սարգսյանը հանդիպեց Գյումրիի քաղաքապետի հետ: Սամվել Բալասանյանն այսօր չմոռացավ նաև այդ օրերի թեժ քննարկումներին անդրադառնալ:

«Դեկտեմբերի 4-ին նախագահի մոտ իմ հանդիպմամբ սկիզբը դրվեց, հենց էդ օրը մեկնարկը տրվեց: Կասկածներ կային, որ սա երևի նախընտրական է, բայց տեսեք, որ 1 տարի հետո արդեն մենք սկսելու ենք մեր աշխատանքները: Հաջորդ տարի երևի ամենուշը մայիսի վերջին արդեն խորհրդատուների աշխատանքները կսկսվեն»,- ասաց Բալասանյանը:

Այս ծրագրով Գյումրիում 3 տարվա ընթացքում 3 փուլով ընդամենը 16 կմ երկարությամբ ճանապարհ է հիմնանորգվելու, նաև արտաքին լուսավորության ցանցն է արդիականացվելու՝ տեղադրվելու են էներգախնայող լամպեր: Սամվել Բալասանյանն ակնկալում է, որ տնտեսումների հաշվին կկարողանան մի քանի կիլոմետրով երկարացնել հիմնանորոգվելիք ճանապարհը:

Վարկի մայր գումարը մարվելու է պետբյուջեի միջոցներով, որոշ մասի պարատավորությունն էլ դրվել է Գյումրիի քաղաքապետարանի վրա: 3 մլդ դրամից քիչ ավելի բյուջե ունեցող համայնքի վրա մարման նման բեռ դնելը որքանո՞վ է նպատակահարմար: Այս հարցն ուղղեցինք ֆինանսների նախարար Վարդան Արամյանին: «Իրականում տոկոսադրույքը մեծ չէ, բավականին արտոնյալ է․․․»,- պատասխանեց նախարարը:

Արամյանը համաձայնեց՝ 3 մլրդ դրամանոց բյուջեն քիչ է երկրի 2-րդ քաղաքի զարգացման համար, բայց պետական բյուջեն չի կարող ամբողջ բեռն իր վրա վերցնել: Նախարարի խոսքով, պետք է պայմաններ ստեղծել, որ մասնավորը ներդրումներ անի:

Որոշ փորձագետների համոզմամբ՝ ներդրողներին Գյումրի բերելու համար պետք է նրանց հարկային արտոնություններ տրամադրել: Մինչդեռ, Վարդան Արամյանի կարծիքով, հարկային արտոնությունը բեռ կդառնա պետության համար և ծանր հետևանքներ կունենա: Ազատ տնտեսական գոտի ստեղծելն էլ ինքնանպատակ չպետք է լինի: Արամյանը բերեց Ռուսաստանում ստեղծված եվ ձախողված ազատ տնտեսական գոտիների օրինակներ:

«Ազատ տնտեսական գոտին, որպես այդպիսին, պետք է լավ նախագծել: Ռուսաստանում առնվազն 52 ազատ տնտեսական գոտի էին նախագծել, որոնցից մեծամասնությունը ձախողվեց: Որովհետև վատ էին նախագծել, հիմնականում դա աշխատեց հարկերից խուսափման սխեմաների հենքի վրա, և դա արդյունավետ չէր»,- ասաց Արամյանը:

Հաջորդ տարվանից փոխվելու է համայնքներին դոտացիաների տրամադրման մեխանիզմը: Նախկինում գլխավոր ցուցիչը բնակչության թվաքանակն է եղել: Հայաստանի գլխավոր ֆինանսիստն ասաց, որ հիմա մի շարք այլ հանգամանքներ էլ են հաշվի առնելու:

Գյումրիում հաջորդ տարի մեկնարկող փողոցաշինության ծրագրի առաջին փուլում 8 մլն եվրոյի աշխատանքներ են իրականացվելու: Ծրագրի իրագործման համար արդեն հայտարարվել է խորհրդատուների մրցույթ:

XS
SM
MD
LG