Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան․ «2016-ին ևս կարողացանք սաստել թշնամուն և խաղաղություն պարտադրել»


ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյան

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյան

«2016-ը հոբելյանական, հիշարժան տարի էր: Ողջ հայությունը հանդիսավորությամբ նշեց անկախ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձը: 2017-ը նույնպես հոբելյանական է: Շուտով՝ ընդամենը հաշված օրեր անց, նույնպիսի ոգևորությամբ կտոնենք նաև մեր բանակի 25-ամյա հոբելյանը», - ասված է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձում:

«Բանակի համար տարվա ամենահիշարժան իրադարձությունը, ինչ խոսք, զինվորական շքերթն էր: Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կայացած այդ աննախադեպ զորահանդեսը՝ ցուցադրված զինտեխնիկայի առումով, Հայաստանի Հանրապետության անկախության ամենանշանակալից ձեռքբերումներից մեկի՝ հայոց բանակի հարձակողական և պաշտպանական մեծ ներուժի վկայությունն էր: Բանակը իր ողջ հզորությամբ ներկայացավ ժողովրդին, հակառակորդին էլ ցույց տվեց, որ ունակ է մարտական գործողություններով կասեցնելու մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն, ինչը գործնականում արեց քառօրյա պատերազմի ժամանակ: Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցած հակառակորդին, որը կիրառեց իր սպառազինության ամբողջ համակարգը, հայ զինվորը հետ շպրտեց՝ մեկ անգամ ևս ապացուցելով, որ բարձր ու անընկճելի է իր մարտական ոգին», - իր ուղերձում ընդգծում է ԶՈւ ԳՇ պետը՝ շարունակելով․ - «Այսպիսով, 2016 թվականին ևս կարողացանք սաստել թշնամուն և խաղաղություն պարտադրել: Դա, իհարկե, արվեց մեծ ջանքերի, մեր ուժի, քրտնաջան աշխատանքի, ցավոք, նաև զոհերի գնով: Մենք գլուխ ենք խոնարհում թշնամու հետ ընդհարման ժամանակ զոհված մեր զինծառայողների շիրիմների առաջ, հպարտանում ենք նրանց գործած անօրինակ սխրանքներով: Նորից խորապես վշտակցելով բոլոր զոհվածների հարազատներին՝ առաջին հերթին նրանց եմ շնորհավորում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու ցանկանում համբերություն և տոկունություն»:

«2016 թվականին, առաջնորդվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով և տարին հայտարարելով «Հրամանատարական պատրաստության տարի», կարողացել ենք բանակային կյանքի բոլոր ոլորտներում ապահովել զարգացման շարունակական աճ: Ամփոփելով տարին՝ մենք այսօր կարող ենք հաջողություններ արձանագրել թե՛ մարտական պատրաստության բարձրացման, թե՛ միջազգային խաղաղապահ առաքելություններին մեր մասնակցության և թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու, ընդհանրապես, բարենորոգումների ծրագրի իրականացման առումով», - ասված է ուղերձում:

Մովսես Հակոբյանը նշում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտական հերթապահության բարելավման հարցերին: Մի շարք միջոցառումներ են իրականացվել առաջնագիծը տեխնիկական սարքավորումներով հագեցնելու, ինժեներական առումով ամրապնդելու, կենցաղային պայմանները բարելավելու համար:

«Այո՛, ձեռքբերումներ ունենք, և դրանց մասին հպարտությամբ ենք խոսում, սակայն եկեք աչքաթող չանենք նաև թերությունները, չէ որ դեռևս չենք ձերբազատվել սպայի պատվի ու արժանապատվության վրա ստվեր գցող արատավոր արարքներից, զինծառայողների միջև ոչ կանոնադրային հարաբերություններից, զինվորական կարգապահության խախտումներից, ծառայության նկատմամբ անտարբեր, անպատասխանատու վերաբերմունքի դրսևորումներից: Իմ բոլոր զինակիցներին կոչ եմ անում 2017 թվականին նման բացասական երևույթների դեմ ծավալել անհաշտ ու անհանդուրժողական պայքար», - ասված է ուղերձում:

«Ցանկանում ենք, որ 2017 թվականին մեր բանակը ավելի մարտունակ ու հզոր դառնա: Սա է մեր գերխնդիրը, մեր գործը, մեր նպատակը և բոլորիս ջանքերը պետք է միավորենք ու ուղղենք դրա իրականացմանը», - շեշտում է ԶՈւ ԳՇ պետը:

«Կարևորում եմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջ քաշած «Ազգ-Բանակ» հայեցակարգային գաղափարը, որի հիմքում հայրենիքի անվտանգությունն է: Ազգի անվտանգության ապահովումը բոլորիս պետք է համախմբի, պարտավորեցնի յուրաքանչյուրին իր մասնակցությունը բերելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ անկախ նրանից՝ բանակում է ծառայում, թե՝ ոչ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նոր տարում այս գաղափարի իրականացման ճանապարհին զարգացում և առավելագույն արդյունք ունենանք», - ասված է ուղերձում:

«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելով ՀՀ ԶՈւ անձնակազմին՝ միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը բարեխղճորեն կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին: Այս տոնական օրերին սահմանում՝ հակառակորդի դեմ հանդիման կրկնապատկված եռանդով մարտական հերթապահություն իրականացնողներին և մեր երկրի անդորրը հսկողներին եմ հատկապես խոսքս ուղղում», - հայտարարում է Մովսես Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG