Մատչելիության հղումներ

Ըստ Հայաստանի ՊՆ-ի՝ անցած երկու օրերին ադրբեջանական կողմը առնվազն 10 զոհ է ունեցել


Հայկական ԶՈւ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայկական ԶՈւ զինծառայողը Ադրբեջանի հետ սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

«Հայ - ադրբեջանական սահմանագոտում, ինչպես նաև ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Ազատության» հետ զրույցում, միևնույն ժամանակ, նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս գիշեր հայկական զինուժը պատժիչ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան երեկ ադրբեջանցիների իրականացրած սադրանքի։ Հակառակորդը, Հայաստանի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ, առնվազն 4 զոհ ունի:

«Այս գիշեր հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, և հակառակորդը կրել է նոր կորուստներ՝ 4-5 զինծառայողի կորուստ: Իհարկե, ադրբեջանական կողմը դա թաքցնում է՝ արդեն ավանդույթ դարձած, բայց մենք նորից ենք շեշտում, որ մեր ձեռքի տակ ունենք անհերքելի ապացույցներ․ ինչպես ունեինք ապացույցներ, որ նրանք երեկ փորձել էին խախտել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և սադրանք էին իրականացրել, այնպես էլ ունենք այն անհերքելի ապացույցները, որոնք վերաբերում են իրենց կորուստներին: Եվ եթե ադրբեջանական ղեկավարությունը շարունակի իր հանրությունից թաքցնել այդ ամենը, ապա մենք ըստ անհրաժեշտի նման փաստեր կարող ենք ներկայացնել», - ասաց Հովհաննիսյանը:

Երեկ հաղորդվեց, որ վաղ առավոտյան Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Հայկական կողմից երեք զինծառայող էր զոհվել։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ անցած երկու օրերի ընթացքում ադրբեջանական կողմը առնվազն տասը զոհ է ունեցել։ Ադրբեջանը, սակայն, դեռևս խոսում է մեկ զոհի մասին։

«Գիշերը հետևելով ադրբեջանական մամուլին, ներքին քննարկումներին՝ նրանց մոտ արդեն տեղաբնիկների, հարազատների զոհվածների, արդեն հինգ զինծառայողի մասին խոսակցություն էր գնում իրենց մոտ, որ տաք, հինգ զինծառայող գիտեն, ով մահացել է», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հայաստանի պաշտպանության նախարար խոսնակը պնդում է՝ հայկական կողմը անհերքելի ապացույցներ ունի Ադրբեջանի զոհերի վերաբերյալ, բայց դրանք դեռևս չի հրապարակի․ - «Չեմ կարծում, որ այս պահին կարող եմ ներկայացնել դրանք: Բայց դրանք, բնականաբար, ապացույցներ են տեսադիտողական, որոնք ըստ անհրաժեշտության կներկայացնենք»:

Այսօր Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ - «Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու և ռազմական գործողություններ ծավալելու, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պահպանությանը հանձնված «N» մարտական հենակետի անձնակազմի նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ ՀՀ ԶՈւ մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈւ համազգեստով դիակ, որի ինքնությունը պարզվում է»։

Ադրբեջանի իշխանություններն արդեն դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով աջակցել հետ վերադարձնել ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Սալման օղլու Ղուրբանովի դին։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ բանակցում են կողմերի հետ․ - «Կարմին Խաչի միջազգային կոմիտեն գտնվում է երկխոսության մեջ հակամարտության կողմերի հետ և պատրաստ է պայմանավորվածությունների դեպքում գործել որպես անկախ, անկողմնակալ միջնորդ և կատարել իր աշխատանքը կապված էս հարցի հետ»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը միշտ էլ նման վարքագիծ է դրսևորել և անցած 5 տարիների ընթացքում մի քանի անգամ նաեւ հարձակում է գործել Հայաստանի սահմանի վրա․ - «Իհարկե: 201ձ-15 թվականների ընթացքում ըստ էության Տավուշի հատվածի լարվածությունը գրեթե ոչնչով չէր տարբերվում Պաշտպանության բանակի հատվածի լարվածությունից»:

Ադրբեջանական մարտական դիրքը Չինարի գյուղից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Դիվերսիոն փորձի ժամանակ գյուղացիներից շատերը դեռ չէին հասցրել արթանանալ։ Երեկվա համեմատ գյուղում այսօր առավոտյան խաղաղ էր։

«Գյուղը խուճապի չի մատնվում: Բնականոն կյանքով ապրում ա ու ապրելու ա միշտ էլ: Լինելու ենք միշտ զինվորականների մոտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չինարիի գյուղապետը:

Սահմանամերձ գյուղում կրակոցները վաղուց նորություն չեն եւ Չինարիում ևս պատրաստվում են Ամանորին։

XS
SM
MD
LG