Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատեց խորհրդարանական ընտրությունների հիմնական ժամանակացույցը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արխիվ:

Կուսակցություններն ու դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կկարողանան հանձնել փետրվարի 6-ից 16-ը: Այսինքն քաղաքական ուժերը մեկ ամսից քիչ ավելի ունեն՝ դաշինքների շուրջ բանակցություններն ավարտելու ու նախընտրական ցուցակներ կազմելու համար:

Այսօր հաստատված ժամանակացույցով ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչությանը կանցկացվի մարտի 5-ից 31-ը:

Տիգրան Մուկուչյանի գլխավորած հանձնաժողովն այսօր հաստատեց նաև 2017-ին առաջին անգամ կիրառվող տարածքային թեկնածուների քանակը: Նախկին 41-ի փոխարեն Հայաստանն այժմ բաժանվելու է 13 ընտրատարածքների, որոնցից ամեն մեկում կուսակցությունները կկարողանան առաջադրել 7-15 թեկնածուների՝ կախված թե որքան է այդ տարածքում ընտրողների թիվը: Ամեն 15 հազար ընտրողի հաշվարկով 1 թեկնածու է: Օրինակ, Տավուշի մարզում քաղաքական ուժերը կկարողանան առավելագույնը 7 թեկնածուի անուն տալ, իսկ Շիրակում՝ 15:

Ընդդիմադիրները հենց այս դրույթն են քննադատության ենթարկում՝ պնդելով, որ սա նույն նախկին մեծամասնական համակարգն է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, սակայն, հրաժարվեց արձագանքել՝ ասելով․ - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ունի իր գործառույթները»:

Որքանով տեղեկացված է Մուկուչյանը, քննարկումներից բացի, առարկայական քայլեր դեռ չկան տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մասով:

Եթե որևէ կազմակերպություն այդպես էլ չդիմի մրցույթին, Տիգրան Մուկուչյանը չի կարծում, որ առանց տեսանկարահանման ընտրությունները կստվերվեն․ - «Ի սկզբանե էլ այդպես էր նախատեսված: Եվ բնականաբար, եթե հայտարարվում է մրցույթ, մրցույթին կարող են մասնակցել ինչպես բազմաթիվ սուբյեկտներ, այնպես էլ կարող է որևէ մեկը չմասնակցել: Ես կարծում եմ, որ երկու պարագայում էլ Ընտրական օրենսգրքի որևէ իրավադրույթ չի խախտվի»:

«Ազատության» հարցին, թե արդյոք տեսախցիկների բացակայություն չի ստվերի ընտրությունները, ԿԸՀ-ի նախագահը պատասխանեց․ - «Միանշանակ ոչ, որովհետև Ընտրական օրենսգիրքը ամրագրել է բազմաթիվ հասարակական վերահսկողության մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին լիարժեք կերպով հետևելու թե՛ ընտրական բոլոր գործընթացներին, թե՛ իրականացնելու հանրային վերահսկողություն ցանկացած գործառույթի նկատմամբ»:

Առաջիկա ընտրությունների մյուս՝ թերևս ամենաէական նորամուծությունը, ընտրողների ցուցակների հրապարակումն է: Դիտորդներն ու ընդդիմադիրները հայտարարում են, որ լուրջ հետաքննություն են անցկացնելու՝ փորձելով անուն առ անուն ստուգել, թե արդյոք ընտրողն իսկապես մասնակցել է քվեարկությանը, եթե անվան դիմաց ստորագրություն է դրված:

Հարցին, թե ինչ ծավալի, հայտնաբերված քանի խախտման դեպքում հանձնաժողովը կհամարի, որ խախտումներն էական ազդեցություն են ունեցել արդյունքների վրա, այսինքն, որ ընտրությունները կեղծվել են, Մուկուչյանն արձագանքեց․ - «Դրա վերաբերյալ որևէ մեկը Ձեզ որևէ սպառիչ պատասխան տալ չի կարող: Որովհետև ցանկացած դեպքում, եթե մենք խոսում ենք կոնկրետ իրավախախտման հետ կապված․․․ և առավել ևս՝ դրա ազդեցության վերաբերյալ գնահատական տալու հետ, դա բանաձև չունի, որի միջոցով կարելի է ասել, որ այս կամ չափը պետք է լինի»:

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ իսկապես օրեքով շեմ սահմանված չէ, թե քանի տոկոս խախտման դեպքում տեղամասի արդյունքները կճանաչվեն անվավեր: Իսկ գործող կարգավորումը փորձագետն անորոշ է համարում․ - «Արդյո՞ք այդ քանակը կամ թվերը կարող էին ազդել քվեարկության ելքի վրա, թե՞ չէին կարող, սա թողնվում է իրավիճակային լուծման: Բայց կա ռիսկ, որ վերադաս ընտրական հանձնաժողովները կարող են տարբեր կերպ մեկնաբանել, հայեցողական մոտենալ: Եվ քանի որ կա անվստահություն ընտրական հանձնաժողովների նկատմամբ, դրանց գործունեության օբյեկտիվության նկատմամբ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, կարող է ուղղակի դիմումները արդյունավետ կամ օբյեկտիվ քննության չենթարկվեն, կամ արձանագրված փաստերը անուշադրության մատնվեն»:

Եվ այսպիսի փորձ, նրա պնդմամբ, առնվազն նախորդ ընտրություններից իրավապաշտպաններն ունեն․ - «Ընտրական վերադաս հանձնաժողովների՝ ինքնուրույն որոշում կայացնելու ոչ-ունակ լինելը, կամ վերադասից ցուցում ստանալու իրենց այդ պատաստականությունը»:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է», - այպես այսօր պատասխանեց Տիգրան Մուկուչյանը քաղաքական կամքի մասին հարցին:

XS
SM
MD
LG