Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը «սադրիչ» է որակում Հայաստանի տարածքում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը, ոչ թե վրիպել է, այլ կոնկրետ ազդակ է ուղարկել Ադրբեջանին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց իշխող Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Նիկոլայ Բորդյուժան Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը որակել է սադրիչ, սակայն այդպես էլ չհստակեցնելով, թե ով է սադրանքի հեղինակը:

«ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին: Թվում էր, թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի շնորհիվ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վերջապես կակտիվանա: Սակայն, վերջին շրջանում կրակի դադարեցման պայմանավորվածության պարբերական խախտումների մասին տարածաշրջանից ստացվող տեղեկությունները, ինչպես նաև զինծառայողների մահվանը հանգեցրած՝ դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան՝ այդպես էլ որևէ քննադատություն չհնչեցնելով Ադրբեջանի հասցեին:

Մինչդեռ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակը դրական է գնահատում Բորդյուժայի հայտարարությունը՝ ընդգծելով՝ առաջին անգամ հասցեական քննադատություն է հնչել․ - «Եթե նախկինում թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ համանախագահ երկրները, թե՛ միջազգային հանրությունը ղարաբաղյան կարգավորման մասին խոսելիս, ղարաբաղյան կողմի մասին խոսելիս նշում էին Լեռնային Ղարաբաղ եզրույթը, ապա հիմա հենց ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում կարող ենք ռուսերենով կարդալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ես չեմ կարծում, որ սա վրիպում է, ես կարծում եմ, որ սա հստակ ազդակ է, և առաջին անգամ ՀԱՊԿ-ի նման կառույցը, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, օգտագործում է ԼՂՀ եզրույթը: Եվ սա խիստ ազդակ է՝ ուղղված Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ այս մեկնաբանությունը պետք է օրինակ ծառայի մյուս միջազգային կառույցների համար»:

Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, երբ իր հայտարարության մեջ շեշտում է, թե զինված միջադեպը տեղի է ունեցել Չինարի գյուղի մոտ, այդ կերպ հաստատում է, որ Ադրբեջանն է իրականացրել դիվերսիան:

«Բնականաբար, հերքվում է ադրբեջանական այն կեղծ գեբելսյան պրոպագանդան, որ գրում են, թե իբր հայկական կողմն է հարձակվել ու իրենք պաշտպանել են», - ասում է ՀՀԿ խոսնակը, - «Սա կարելի է համարել եզակի հասցեական հայտարարություններից մեկը: Չեմ ասում՝ մենք սրանից պետք է ոգևորվենք, ուրախանանք: ՀԱՊԿ-ի քարտուղարը արել է այն, ինչ պարտավոր էր անել, բայց չխոսել այն մասին, որ սա դրական է, դա ճիշտ չի լինի»:

Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունից րոպեներ առաջ արձագանքով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը անհապաղ սթափեցնել Ադրբեջանի ղեկավարությանը: - «Իրականացնելով ռազմական դիվերսիան Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին` Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին։ Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն՝ իրենց կոչերն ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը», - ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG