Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուս. Ալիևի վարչակազմը սպառնում է Հարավային Կովկասի կայունությանը


Ադրբեջան - Լեյլա Յունուսը բանտից ազատվելուց հետո, Բաքու, 9-ը դեկտեմբերի, 2015թ․
Ադրբեջան - Լեյլա Յունուսը բանտից ազատվելուց հետո, Բաքու, 9-ը դեկտեմբերի, 2015թ․

Ադրբեջանի իշխանությունները նույնությամբ կրկնում են Սիրիայի օրինակը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում ադրբեջանցի իրավապաշտպան, Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրված և 2015-ի օգոստոսին Բաքվի դատարանի կողմից ֆինանսական մեքենայությունների մեջ մեղավոր ճանաչված Լեյլա Յունուսը: Ադրբեջանական իշխանությունները նրան ամուսնու` իրավապաշտպան Արիֆ Յունուսի հետ միասին ազատ արձակեցին միայն միջազգային կազմակերպությունների ճնշման ներքո` 2016-ի ապրիլին թույլատրելով տեղափոխվել Նիդերլանդներ:

«Դուք հասկանում ե՞ք ուր է ուղղորդում Իլհամ Ալիևը ադրբեջանական հասարակությանը` դեպի Սիրիա: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների և տարատեսակ հարցազրույցների ժամանակ ես պարբերաբար նույնն եմ կրկնում` Ադրբեջանի այսօրվա վարչակազմը սպառնալիք է Հարավային Կովկասի կայունության համար: Իլհամ Ալիևը պնդում է, որ պայքարում է ահաբեկիչների դեմ` նրանց բանտ նետելով: Իրականում, սակայն, բռնությունը բռնություն է ծնում, և ի վերջո, եթե իշխանությունների քաղաքականությունը փոփոխություններ չկրի, Ադրբեջանը կվերածվի երկրորդ Սիրիայի», - հայտարարում է Լեյլա Յունուսը:

Իրավապաշտպանի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացման գլխավոր պատճառ կարող են դառնալ, նախ և առաջ, ադրբեջանցի իսլամիստների դեմ լայնածավալ ճնշումները: Այսօր Ադրբեջանում 160 քաղբանտարկյալ կա, որոնցից 105-ը հավատացյալներ են, նշում է Յունուսը: Ամենահայտնի դեպքն էլ Նարդարանում 2015-ի նոյեմբերին տեղի ունեցած բախումներն էին, որոնց ընթացքում ձերբակալված կրոնական գործիչ, «Իսլամական միասնություն» շարժման ղեկավար Թալեհ Բաղիրզադեի համար դատախազը երեք օր առաջ ցմահ ազատազրկում պահանջեց:

«Այսօր ադրբեջանական իշխանություններն ամենաշատը վախենում են հենց Թալեհ Բաղիրզադեից: Մեր իշխանությունների ներկայացուցիչները պատմության մասին պատկերացում չունեն: Նրանք ի վերջո Բաղիրզադեից մի նոր Նելսոն Մանդելա են կերտելու», - համոզված է Լեյլա Յունուսը:

Ադրբեջանցի իրավապաշտպանը, ի դեպ, վստահ է` որքան ավելի են սաստկանում ճնշումներն ադրբեջանցի իսլամիստների հանդեպ, այնքան ավելի մեծ ժողովրդականություն են նրանք սկսում վայելել: «Եթե Թալեհ Բաղիրզադեն միայն մզկիթ գնար կամ նստեր տանը, որևէ մեկը նրան չէր էլ ճանաչի: Սակայն [իշխանությունների գործողությունների հետևանքով] հինգ տարի անց նույնիսկ երեխաներն են ճանաչելու Բաղիրզադեին: Այդ մարդու անունը շուտով հնչելու է ամենուր», - պնդում է Յունուսը: Նրա համոզմամբ, ի դեպ, 2017 թվականն Ադրբեջանի և այդ երկրի բնակիչների համար փորձությունների շրջան է լինելու:

«Տնտեսական վիճակը շարունակելու է վատթարանալ: Կլինեն բողոքի ակցիաներ, մարդիկ կարող են ապստամբել: Ձերբակալությունները ևս շարունակվելու են` բանտ են նետելու լայն հանրությանն անհայտ մարդկանց: Պետք է հասկանալ, որ երբ ձերբակալում են իրավապաշտպաններին կամ լրագրողներին, դա հնարավոր չէ կոծկել: Հասարակ մարդկանց որևէ մեկը չի ճանաչում», - համոզված է Լեյլա Յունուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG