Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետականի համոզմամբ ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական դիվերսիային, ինչի հետևանքով հայկական կողմը տվել է 3 զոհ:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով այժմ գտնվում է Տավուշում, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրավիճակը այս պահին հանդարտ է: Մեր հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ադրբեջանական կողմի այդ քայլը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլյան պատերազմից հետո սա առաջին դիվերսիոն փորձն էր, Գագիկ Մելիքյանը պատասխանեց․ - «Սա Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա առաջին դիվերսիոն փորձն էր, որը իրոք հերոսաբար հետ մղվեց և մեր զորքերը ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի վրա որևէ ազդեցություն ունենալու նպատակ է սա հետապնդում, հայկական կողմի վրա ճնշում իրականացնելու նպատակ»:

«Ազատության» հարցին՝ քանի որ հարձակումը Հայաստանի սահմանի վրա է, արդյո՞ք ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի տեղի ունեցածին, իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց․ - «Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը անպայման պետք է արձագանքի տեղի ունեցածին»:

Մեր ճշգրտմանը՝ հաշվի առնելով նախորդ դեպքերը, կլինի՞ նման արձագանք, Մելիքյանը պատասխանեց՝ «սպասենք»:

Հայաստանի արտգործնախարարի խոսնակ Տիգրան Բալայանը, ի պատասխան «Ազատության» հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին տեղի ունեցածի կապակցությամբ, տեղեկացրեց, որ ձեռնարկվում են իրավիճակին բնորոշ բոլոր անհրաժեշտ քայլերը:

Ի դեպ՝ «Ազատության» հարցին, թե ինչպիսին է ՀԱՊԿ-ի արձագանքը Հայաստանի տարածքի վրա իրականացված դիվերսիոն հարձակմանը, ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանեց, թե թոքերի բորբոքում ունի և հարցին չի կարող պատասխանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG