Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի նախագահն ամփոփել է անցնող տարին


ՀՀ կենտրոնական բանկի նախագահը 2016-ի ձեռքբերումն է համարում գների և ֆինանսական կայունությունը:

Ելույթ ունենալով Կենտրոնական բանկում 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ, Արթուր Ջավադյանը հիշեցրել է, որ ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով:

«Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենանք աստիճանաբար՝ տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու զգուշավորությամբ», - նշել է ԿԲ նախագահը:

Ջավադյանը նաև հրապարակել է տարվա ֆինանսական որոշ ցուցանիշներ․ - «2016 թվականին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ: Բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: Այսօր ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը»:

Նա նշել է, որ այսօր Կենտրոնական բանկի քաղաքականությունն ուղղված է երկարաժամկետ դրամային ռեսուրսների ձևավորմանը, ինչն իր արտացոլումը կունենա վարկավորման պայմանների վրա: - «Բացի այդ տնտեսության առանձին ոլորտներում երկարաժամկետ և շուկայականից մատչելի պայմաններով վարկավորմանը աջակցելու նպատակով բանկը մշտապես համագործակցում է Կառավարության, միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ: Հիփոթեքային, վերականգվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերում փոքր և միջին ձեռնարկությունների գծով իրականացվող մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեցին նրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար: 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կնքեց երեք նոր պայմանագրեր Եվրոպական ներդրումային բանկի և KFW բանկի հետ, որոնցից երկուսը` փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման նպատակով», - նշել է Ջավադյանը:

ԿԲ նախագահը հիշեցրել է, որ այս տարի շարունակվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկային ծրագիրը, գործել է նաև սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբ վարկավորման գործընթացը: -«Միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի դուստր ընկերությունների միջոցով վերաֆինանսավորվել է ավելի քան երկու հազար հիփոթեքային վարկեր մոտ 20 մլրդ դրամ ծավալով, ինչպես նաև՝ մոտ երեք ու կես հազար ուսանողական և հազար երկու հարյուր սպառողական վարկեր զինծառայողներին»:

Ջավադյանը խոստացել է շուկայականից մատչելի պայմաններով արդեն երկարատև դարձած այս ծրագրերը շարունակել նաև հաջորդ տարիներին։

«Հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխություններով հիմք դրվեց նաև հաջորդ տարիներին կապիտալի շուկայում միջազգային համագործակցության ընդլայնման և ածանցյալ ֆինանսական գործիքների զարգացման ու խթանման խորացմանը», - նաև ասել է Կենտրոնական բանկի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG