Մատչելիության հղումներ

Բաքուն դեմ է Ղարաբաղի հարցում Մինսկի խմբի «մենաշնորհին»


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

«Ստատուս քվոյի պահպանությունը և հայկական զորքերի առկայությունը գրավյալ տարածքներում` ահա այն հիմնական պատճառները, որոնք նպաստում են [ղարաբաղյան] հակամարտության գոտում լարվածության պահպանմանը և խոչընդոտում են հարցի քաղաքական կարգավորմանը»: Ամփոփելով 2016 թվականի դիվանագիտական արդյունքները՝ այս մասին Ադրբեջանի պաշտոնական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում ասել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` պետությունների ղեկավարների մակարդակով, բազմիցս են հանդես եկել հայտարարություններով` ստատուս քվոյի փխրուն բնույթի և անթույլատրելիության մասին: Ադրբեջանը ներկայում առկա ստատուս քվոյի փոփոխության ամենաշահագրգիռ կողմն է: Այս համատեքստում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակում անցկացված քննարկումները մենք որպես ճիշտ ուղղությամբ ձեռնարկված դրական քայլ ենք գնահատում: Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը և առանց հապաղման կյանքի կոչենք այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները», - նշում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Մամեդյարովի խոսքով՝ միայն հստակ գործողությունները հնարավորություն կտան փոխել տարածաշրջանում առկա իրադրությունը:

«Հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի գրավյալ տարածքներից, տարածաշրջանային տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների վերականգնումն ու հակամարտության հետևանքների փուլային հաղթահարումը` սկսած փասխտականների անվտանգ ու արժանապատիվ վերադարձից սեփական օջախներ, ահա այն քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության դինամիկայի փոփոխությանն ու զգալիորեն կփոխեն անվտանգության մթնոլորտը ողջ տարածաշրջանում», - նշում է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը, սակայն, հայտարարում է, որ Ադրբեջանն ապագայում ևս շարունակելու է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացմանն ուղղված քաղաքականությունը` չսահմանափակվելով միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: 2016-ին, ըստ նրա, այս խնդրին միջազգային մի շարք կազմակերպություններ են անդրադարձել` ՄԱԿ-ից մինչև Իսլամական համագործակցության կազմակերպություն:

«Ղարաբաղյան հակամարտության ընթացքում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել», - պնդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG