Մատչելիության հղումներ

«Աշտարակ կաթը» հունվարից «սկսելու է կաթի մթերման գործըթացը՝ զուգահեռ վճարելով պարտքերը»


«Աշտարակ կաթ» ընկերության մթերման բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը:

«Աշտարակ կաթ» ընկերության մթերման բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը:

Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի 5 համայնքների մոտ 150 բնակիչներ արդեն մի քանի ամիս է չեն կարողանում ստանալ «Աշտարակ կաթին» հանձնած կաթի գումարները։

Սնանկացման եզրին հատնված ընկերությունը նրանց պարտք է շուրջ 8 միլիոն դրամ։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Գորայքի ղեկավար Առուստամ Առուստամյանը, սեպտեմբերից սկսած, երբ դադարեցվեց մթերման գործընթացը, գյուղացիներն ամեն օր լսում են նույն խոստումները, թե վաղը կվճարենք․ - «Մի քանի անգամ ես եմ զանգել իրանց գործադիր տնօրենին, ասել են՝ մինչև տարեվերջ կվճարենք․․․ Հիմա լուծարվել են, ինչ են արել, ուրիշ սեփականատեր ա ի հայտ եկել»:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գործարանի առողջացման ծրագրի ներկայացուցիչներին իրենք չեն ճանաչում, ոչ ոք չի եկել, ոչինչ չի պարզաբանել։ Ընդամենը, ի պատասխան մարզպետարանի նամակին, ասել են, թե մոտ ժամանակներս բոլորին կվճարեն, բայց թե երբ է գալու այդ ժամանակը՝ անհայտ է։

Գորայքի կաթի մթերման կետի մենեջեր Տիգրան Առուստամյանը «Ազատությանը» հայտնեց, որ պարտքի մարումը հավանաբար կսկսվի հունվարին:

Առուստամյանն ասաց, որ այս ընթացքում փորձել է գտնել ու խոսել նաև «Աշտարակ կաթի» սեփականատեր Աշոտ Ափոյանի հետ, բայց նա անհետ կորած է։

Ինչ վերաբերում է գյուղացիներին, ապա, ըստ մենեջերի, նոր տարվա շեմին նրանց վերջին հույսը այդ գումարն էր․ - «Մարդիկ իրենց տարվա եկամուտը հանձնել են, մինչև հիմա գումարը չեն ստացել»:

Գորայքի մթերման կետ կաթ են հանձնել նաև Սառնակունք համայնքի բնակիչները։ Նրանցից Մարատ Ալեքսյանյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ «Աշտարակ կաթն» իրեն պարտք է 150 հազար դրամ, որը ստանալու հույսը կապում է Գորայքի մթերման կետի մենեջերի հետ․ - «Զանգում եմ իրան, ասում ա՝ սպասի, գալացող շաբաթ, էրկու օրից, երեք օրից, հինգ օրից, ու էդպես էկավ հասավ մինչև էսօր»:

Սառնակունքցի Վահան Մկրտչյանին ընկերությունը 100 հազար դրամ է պարտք։ Նա վրդովված պատմում էր, որ ամեն անգամ խաբում են, այսօր-վաղն անում։ Հարցին, թե տեղյակ է արդյոք, որ գործարանը սկսել է աշխատել և միգուցե նորից սկսի կաթ մթերել, Վահան Մկրտչյանն արձագանքեց, թե «այլևս ոչ ոք «Աշտարակի հետ» աշխատելու ցանկություն չունի»․ - «Հենա հարմար մարդիկ կան, հարմար գնով կաթը տանում են, գումարը ժամանակին տալիս են: Դե մենք էլ կաթով ենք ապրում․ գյուղացին կովը կթում ա, որ կարանա տարվա իրա հարցերը լուծի, որ հոգա»:

Մինչ գյուղացիները մտածում են կաթը հանձնել թե ոչ, «Աշտարակ կաթի» մթերման բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանի խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է հունվարից վերսկսել կաթի մթերման գործընթացը հենց Սյունիքում՝ զուգահեռ վճարելով նաև պարտքերը։

Դիտարկմանը, թե գյուղացիներից շատերը չեն ցանկանում իրենց հանձնել կաթը, Սարգսյանը արձագանքեց․ - « Դա երևի առաջացել ա նրանից, որ գյուղացիները խաբված են եղել: Մենք աշխատելու ենք, մեր աշխատանքը ցույց կտա․․․ Մենք ժամանակին կվճարենք: Գյուղացիների հետ աշխատել ենք բավականին երկար, մեր հիմնական մատակարարներն են եղել: Ինձ թվում ա, կհասնենք նրան, որ իրենց կարծիքը կփոխեն ու էլի կսկսեն աշխատել»:

Ըստ Սարգսյանի, պարտքերի վճարումները սկսել են նաև մյուս մարզերում։ Առողջացման ծրագրի շրջանակում էլ փորձում են վերականգնել շուկայում իրենց 40 տոկոսանոց մասնաբաժինը։

«Ազատությունը» մթերման բաժնի պետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք տեղյակ է, որ Երևանի գործարանի մի շարք աշխատակիցներ դատական հայց են ներկայացրել ընդդեմ ընկերության՝ աշխատավարձերը վճարելու պահանջով․ - «Այդ մասով տեղեկություն չեմ կարող հրապարակել»:

Դատական դեպարտամենտից «Ազատությանը» փոխանցեցին, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Աշտարակ կաթի» գործով 14 քաղաքացիական հայց է վարույթ ընդունվել, որոնցից առայժմ մեկն է աշխատավարձի վճարմանը պահանջը։

XS
SM
MD
LG