Մատչելիության հղումներ

Վահրամ Բաղդասարյան․ «Այն, ինչի մասին խոսում է Տեր-Պետրոսյանը, իր ենթադրություններն են»


Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը խորհուրդ է տալիս՝ «իշխանությունների փոխարեն որևէ մեկը որևէ փաստաթուղթ չներկայացնի»

«Այն, ինչի մասին խոսում է Լևոն Տեր-Պետրոսյանը, իր ենթադրություններն են», - այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահի այսօր հրապարակած պարզաբանմանը:

Հիշեցնենք՝ Տեր-Պետրոսյանը ներկայացրել էր Ղարաբաղյան խնդրի կարգավորման 6 փուլից բաղկացած մի տարբերակը, պնդելով, որ դա է կարգավորման հարցում Հայաստանի իշխանության որդեգրած պաշտոնական տեսակետը: Ըստ այդ տարբերակի Ղարաբաղի կարգավիճակի դիմաց Ադրբեջանին են վերադարձվում Ղարաբաղը շրջապատող 7 շրջանները:

«Քանի որ այդ փաստաթուղթը դեռ մատուցված չէ հանրությանը, դրանք բոլորը կարելի է որպես ենթադրություններ մեկնաբանել: Այդտեղ ինքն է ասում, որ դա այն փաստաթուղթն է, որ իշխանություններն են ներկայացրել: Իսկ ես խորհուրդ կտամ իշխանությունների փոխարեն որևէ մեկը որևէ փաստաթուղթ չներկայացնի: Երբ որ գա ժամանակը, իշխանությունն ինքը կներկայացնի այդ փաստաթուղթը, իսկ առայժմ նման փաստաթուղթ, որի շուրջ կա համաձայնություն, այդ փաստաթուղթը գոյություն չունի», - նշեց Բաղդասարյանը:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարը նաև հակադարձում է Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե այսօր բանակցային սեղանին դրված փաստաթուղթը չի տարբերվում 1997 թվականին իր առաջարկած փուլային տարբերակից: Բաղդասարյանը հիշեցնում է՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ որևէ փաստաթղթում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին խոսք չկար:

«Եթե համեմատությունը տանում ենք մինչև 98 թվականը՝ 98 թվականին որևէ փաստաթղթի մեջ ընդհանրապես գրված չէր Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարց, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարց որևէ տեղ գրված չի եղել: Հիմա մենք բացահայտորեն ասում ենք՝ մեր հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիրն է: Մնացած բոլորը ածանցյալներ են: Եթե մենք պետք է ամեն գնով գնանք միայն խաղաղության և որդեգրենք այն բոլոր կետերը, որոնք ցիտել են Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ, ես կհամարեմ, որ խաղաղություն ամեն գնով՝ նաև մեր պարտության հաշվին՝ Հանրապետական կուսակցությունը դեմ է դրան», - հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

«Ազատության» հարցին՝ եթե լուծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Հանրապետական կուսակցությունը համաձա՞յն է 7 տարածքները վերադարձնել, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց․ - «Ես խնդրում եմ ենթադրություններով առաջ չշարժվենք: Մենք դեռ առաջին փուլի մասին ենք խոսում, որ մենք պետք է խոսենք կարգավիճակի մասին: Կարգավիճակից հետո նոր դրա մասին մենք կանդրադառնանք և կխոսենք։ Առայժմ, եթե մենք սկսենք, որ պատրաստ ենք այս անելու, պատրաստ ենք այն անելու, մենք կվտանգենք այն նպատակը, որը դրել ենք: Առայժմ որևէ համաձայնություն կողմերի միջև չկա»:

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահի այն պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանալին Ռուսաստանում է, Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարը հակադարձում է՝ Ղարաբաղի հարցի լուծման բանալին հայ ժողովրդի ձեռքում է, իսկ այն, ինչ ասում է Տեր-Պետրոսյանը՝ պարզապես վտանգավոր է:

«Առաջին նախագահը անտեսում է Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությունը, իսկ մենք որևէ մեկ անգամ չենք անտեսում, բայց մենք հայտարարում ենք՝ խնդրի լուծման բանալին հայ ժողովրդի ձեռքում է, մեր բանակի ձեռքում է: Մենք մեր բանալին ոչ մեկին չպետք է տանք: Որ պահին մեր բանալին տվեցինք որևէ երկրի, մենք այլևս վտանգված ենք։ Դա ազգային անվտանգության խնդիր է: Մենք համագործակցում ենք և՛ մեր դաշնակից Ռուսաստանի հետ, և՛ Մինսկի համանախագահ երկրների հետ, և՛ միջազգային հանրության հետ: Անհրաժեշտության դեպքում բանակցային սեղանին կարող ենք նստել և՛ Թուրքիայի հետ, և՛ Ադրբեջանի հետ, բայց մեր բանալին պահելով մեր ձեռքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG