Մատչելիության հղումներ

Cumhuriyet-ի սրճարանի տնօրենը ձերբակալվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու համար


Թուրքիա - Cumhuriyet-ի խմբագրատունը Ստամբուլում, արխիվ
Թուրքիա - Cumhuriyet-ի խմբագրատունը Ստամբուլում, արխիվ

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի սրճարանի տնօրենը՝ նախագահ Էրդողանին վիրավորելու համար: Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ Ստամբուլի իր սրճարան շտապող Շենոլ Բուրանը հանդիպել է անվտանգության աշխատակիցների արգելապատնեշին. պարզվել է՝ ճանապարհները փակ են, քանի որ Ռեջեփ Էրդողանը մերձակայքում ելույթ է ունենում: Զայրացած սրճարանատերը դժգոհել է՝ այդ մարդը՝ Էրդողանը, «թե ինձ մոտ գար, մեկ բաժակ թեյ էլ չէի տա»: Հիմա նրան սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում:

Բուրանի դեմ ցուցմունք է տվել խմբագրության անվանգությունն ապահովող ոստիկաններից մեկը, պնդելով, թե սրճարանատերը նաև նվաստացնող արտահայտություններ է արել Թուրքիայի նախագահի հասցեին: Այժմ արդադատության նախարարությունը պետք է որոշի՝ շարունակե՞լ գործի քննությունը, թե՞՝ ոչ:

«Որդիս ոչ մի հանցանք չի գործել, մտքներովս անգամ չէր անցնի, որ նրան կարող են ձերբակալել, տանը երեխաներ ունի, թող անհապաղ ազատ արձակեն», - Reuters-ին ասել է Շենոլի հայրը՝ Իսմայիլ Բուրանը:

Փաստաբանները, սակայն, լավատես չեն, նախնական կալանքի որոշումը կայացնելիս Ստամբուլի դատարանն ընդգծել է՝ կատարված հանցագործության մասին հիմնավոր կասկածներ կան, և եթե Բուրանը ազատության մեջ մնա, հնարավոր է՝ ճնշումներ գործադրի վկաների վրա:

«Սա որևէ կապ չունի ժողովրդավարության, հանդուրժողականության հետ, դեպքը տեղի է ունեցել այս շենքում, մարդու զայրույթը տարել-տեղ են հասցրել, ինչ տեսակ ընկալում, մշակույթ, կրթական մակարդակ է սա», - Reuters-ի հետ զրույցում տարակուսել է Cumhuriyet-ի սյունակագիր Շուքրան Սոները:

Cumhuriyet-ը Թուրքիայում Էրդողանին քննադատող և դեռևս գործող սակավաթիվ պարբերականներից մեկն է, որի տասը աշխատակիցները, այդ թվում՝ գլխավոր խմբագիրն ու առաջատար լրագրողները, նոյեմբերից ազատազրկված են՝ հուլիսյան հեղափոխության փորձին մասնակցելու, քուրդ ահաբեկիչներին սատարելու մեղադրանքներով: Թերթի նախորդ խմբագիրը՝ Ջան Դյունդարն էլ ձերբակալվել էր անցած տարի, երբ հետաքննական նյութ էր հրապարակել՝ պնդելով, թե թուրքական հետախուզությունը գաղտնի զենք է մատակարարում Սիրիայի նախագահ Ասադի դեմ կռվող զինյալներին:

Ընդդիմադիր թերթի սրճարանատիրոջ ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել, թեմային անդրադարձել են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, փաստելով՝ ավելի քան տասը տարի Թուրքիայի քաղաքական էլիտան առաջնորդող Էրդողանը ավելի քան 1800 մարդու է դատի տվել իրեն վիրավորելու համար:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն էլ անցած շաբաթավերջին հայտարարել էր, թե 10 հազար մարդ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում՝ համացանցում պաշտոնյաներին վիրավորելու համար: Ճիշտ է՝ պաշտոնական աղբյուրները սա ձևակերպել են որպես ահաբեկչությանը նպաստող, դիտավորյալ կատարված գործողություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG