Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան» (ՀԽ) ընդդիմադիր շարժման ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի բնակարանն այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում։ Ակտիվիստի խոսքով, իրավապահները «Սասնա ծռեր» խմբի հետ առնչություն ունեցող փաստաթղթեր են փնտրել:

Իրավապահների հարցին, թե տանը կան արդյոք արգելված իրեր, Պետրոսյանը բացասական պատասխան է տվել։ Նրա երեքսենյականոց բնակարանից, որտեղ Պետրոսյանն ապրում է անչափահաս դստեր և որդու հետ, զենք կամ այլ վտանգավոր իրեր չեն հայտնաբերվել։

«Ասեցին, որ հատուկ փնտրում են ինչ-որ փաստաթղթեր կապված «Սասնա ծռերի» գործի հետ: Իհարկե որևէ բան չկար, որ գտնեին: Ինչ-որ մի քանի բավականին հին փաստաթղթեր և գործի հետ կապ չունեցող ինչ-որ օժանդակ նյութեր տարան: Եվ մի երկու հատ լազերային սկավառակ տարան, որոնց վրա գրված չէր ինչ է, չկարողացան նայել ինչ է», - պատմեց Պետրոսյանը

Իրավապահները մեր այցելությունից մոտ կես ժամ առաջ էին հեռացել ակտիվիստի բնակարանից։ Նա արդեն հասցրել էր կարգի բերել սենյակները։ Միայն համակարգչի սեղանի մոտ կային թափթփված իրեր:

Ինչպես նշված է առգրավման արձանագրությունում, Պետրոսյանին առաջարկվել է կամովին հանձնել գործի համար կարևոր նշանակություն ունեցող նյութերը բջջային կամ էլեկտրոնային կրիչների վրա՝ կապված ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների եւ նրանց օժանդակողների հետ։

Առգրավվածի մեջ է, մասնավորապես, ՀԽ-ի կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանի՝ բանտից ուղարկած բաց նամակը, ավելի քան մեկ տարի առաջ ՀԽ-ի և քաղաքացիների միջև ստորագրման համար տպագրված «Հայաստանում ժողովրդի իշխանությունը հաստատելու և իրավական պետություն ստեղծելու մասին պայմանագրի» օրինակը, որոնք, Պետրոսյանի խոսքով, համացանցում վաղուց հրապարակված են:

«Սասնա ծռերի» գործով Վահրամ Պետրոսյանը Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել էր նաև մոտ մեկ շաբաթ առաջ։ Նախաքննական գաղտնիք չհրապարակելու պատճառաբանությամբ, նա այդ մասին տեղեկություններ չփոխանցեց․ միայն ասաց, որ իր հեռախոսային խոսակցությունների մասին էին հարցեր տալիս․ - «Այդ հեռախոսազրույցների հետ կապված․ ասենք, նախօրոք իմացել եմ, թե ոչ: Հիմնականում դա ճշտելու համար էր: Ես, բնականաբար, նախօրոք որևէ ինֆորմացիա չեմ ունեցել»:

Ընդդիմադիր ակտիվիստը միշտ էլ գտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ ՊՊԾ գնդի տարածքի գրավման օրերին ևս նրան բերման էին ենթարկել, ապա ազատ արձակել։ Ամիսներ առաջ անհայտ անձինք վնասել էին նրա ավտոմեքենան։

Պետրոսյանն առաջնորդում էր «Սասնա ծռերին» աջակցողների հավաքներին հաջորդած երթերը՝ շարժական բարձրախոսով երաժշտություն ապահովում, տեղափոխում հանրահավաքի պարագաները՝ պաստառներ, դրոշներ և այլն։

Նա հայտարարում է, որ նման գործողություններով իրեն չեն վախեցնի․ - «Ցանկացած գործողություն հիմնականում նպատակ ունի կողքից նայողների մոտ ավելի շուտ վախ առաջացնել և այլն: Խուզարկողները իրենց հիմնականում նորմալ էին պահում, որևէ խնդիր չկար: Բայց հենց այդ հրամանն արձակելը՝ խուզարկե՛լ, դա, կարծում եմ, որ ինչ-որ վախի մթնոլորտ ստեղծելու խնդիր ունի»:

Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ «Սասնա ծռեր» խմբի գործով որոշակի քննչական գործողություններ են իրականացվում, որոնց շրջանակում էլ Վահրամ Պետրոսյանի բնակարանը խուզարկվել է։ Այլ մանրամասներ Օհանջանյանը չփոխանցեց՝ նախաքննական գաղտնիքի չհրապարակման պատճառաբանությամբ։

XS
SM
MD
LG