Մատչելիության հղումներ

Փորձագետները թերահավատ են այն հավաստիացումների նկատմամբ, թե ավիավթարի պատճառն ահաբեկչությունը չէ


Սոչիից Սիրիա թռչող ռուսական Տու-154 կործանված օդանավի մնացորդների որոնումները շարունակվում են: Ռուսաստանի իշխանություններն այսօր հայտնեցին, որ, այսպես կոչված, սև արկղերից մեկը գտնվել է։

Ռուսաստանի՝ Ավիավթարները հետաքննող կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Տատարակն այսօր Սոչիում լրագրողներին հայտնեց, որ «Էվրոն» նավի ջրասուզակները հաջողությամբ կարողացել են գտնել ինքնաթիռի սև արկղը: Այժմ այն տարվելու է Մոսկվա։ Սև արկղը, որը պարունակում է օդաչուների խոսակցությունների ձայնագրությունը, ինչպես նաև թռիչքին վերաբերող արձանագրված այլ տվյալներ, հանձնվել է պաշտպանության նախարարությանը՝ հետազոտության համար։

Ավելի քան 92 ուղևորներով ՏՈՒ-154-ը Սոչիից փորձել է ուղևորվել Սիրիա, սակայն, թռիչքից կարճ ժամանակ անց անսպասելիորեն Սև ծովում վայր է ընկել: Ուղևորների թվում էին ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթի տասնյակ կատարողներ, որոնք ուղևորվում էին Սիրիա` նոր տարվա օրերին ռուսական զորքերի համար համերգներ տալու նպատակով։ Օդանավի ուղևորների թվում էին նաև 9 ռուս լրագրողներ։ Երկուշաբթի Ռուսաստանում սգօ օր էր հայտարարվել։

Մինչ այժմ կործանված օդանավի վթարի հնարավոր պատճառի վարկածների թվում, իբրև ամենահավանականը, նշվում է օդաչուի սխալը։ Ռուսաստանի իշխանությունները բացառում են օդանավում տեղադրված ռումբի պայթյունի կամ շարժական հրթիռի հարվածի վարկածները, միաժամանակ նշելով, որ ամեն ջանք գործադրում են իրական պատճառի բացահայտման համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ արվում է հնարավոր ամեն բան՝ զոհվածների աճյունները գտնելու և այս ահավոր ողբերգության պատճառները պարզելու նպատակով։

Այդուհանդերձ, անկախ փորձագետները թերահավատ են ռուս պաշտոնյաների այն հավաստիացումների հանդեպ, թե ավիավթարի պատճառն ահաբեկչությունը չէ։ Ավիացիայի անկախ փորձագետները մատնացույց են անում այն փաստը, որ թռիչքի ժամանակ օդանավի անձնակազմից տեխնիկական անսարքության մասին որևէ բողոք չի հաղորդվել թռիչքների կառավարման կենտրոն։ Փորձագետների կարծիքով, կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ օդանավի բեկորները սփռված են շատ մեծ տարածքի վրա։

Վիտալի Անդրեևը, որը Ռուսաստանի թռիչքների վերահսկողության ծառայության նախկին բաձրաստիճան պաշտոնյա է, «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է, որ արտաքին հարվածը օդանավի կործանման հավանական պատճառը կարող է լինել։ Արևմտյան գործակալությունների ենթադրությունների համաձայն, եթե փաստեր ի հայտ գան այն մասին, որ ինքնաթիռի կործանման պատճառը ռումբն է եղել կամ որևէ այլ ահաբեկչական գործողություն, ապա դա կնշանակի, որ չնայած Սիրիայում ռազմական հաջողություններին, Ռուսաստանը շատ խոցելի է նման հարձակումների հանդեպ: Մի բան, որը խիստ անցանկալի է ՌԴ իշխանությունների համար։

Սիրիա ուղևորվող Տու-154 օդանավը թռիչքը սկսել էր կիրակի օրը, Մոսկվայի մոտ գտնվող Չկալովսկի ռազմական օդանավակայանից և վայրէջք է կատարել Սոչիում՝ վերալիցքավորման նպատակով։ Ռուսական անվտանգության մարմինները հայտնում են, որ օդանավը վայրէջքի ժամանակ հսկողության տակ է եղել։

Ալեքսանդր Գուսակը, որը նախկինում աշխատել է ռուսական ՖՍԲ-ում՝ Դաշնային անվտանգության ծառայությունում, ասում է, թե Չկալովսկի և Սոչիի օդանավակայաններում հսկողությունն այնքան էլ խիստ չէ։ «Ամեն տեղ էլ կարելի է մտնել, դա կախված է նրանից, թե որքան հմուտ ես»,- ասել է նա: Տու 154 օդանավերի արտադրությունը սկսվել է 1960-ականներին: Այն համարվում էր խորհրդային քաղավիացիայի հպարտությունը։ Կործանված օդանավը արտադրվել է1983 թվականին, 2014-ին ստուգման է ենթարկվել ավիագործարանում։

Օդանավի կործանման օրը, Ռուսաստանի նախագահն իր ցավակցությունն է հայտնել ինքնաթիռում զոհվածների ընտանինքներին։ Պուտինն ասել է, թե կազմավորվում է փաստահավաք հանձնաժողով, որը ղեկավարելու է տրանսպորտի նախարարը։ «Ամեն ինչ կարվի վթարի պատճառները բացահայտելու, ինչպես նաև զոհվածների ընտանինքների աջակցելու համար»,- հավաստիացրել է ՌԴ ղեկավարը։

Ռուսաստանյան բանակի Ալեքսանդրովի անվան երգի-պարի համույթն ամենամեծ կորուստն է կրել ավիավթարի հետևանքով․ շուրջ 60 կատարողների թվում զոհվել է նաև 5 մենակատար երգիչ։ Ալեքսանդրովի անվան համույթն աշխարհահռչակ երաժշտական կոլեկտիվ է: Այն համերգներով հանդես է եկել շատ երկրներում։

Համույթի մենակատար Վադիմ Անանևը, որը գերադասել է մնալ տանն ու նոր տարին տոնել իր ընտանիքի հետ, ասում է, թե կորցրել է իր ամենամոտ ընկերներին ու բարեկամներին։ «Ոմանց ճանաչել եմ 30 տարի։ Ես ճանաչում են նրանց երեխաներին, կանանց։ Մեզ սիրում են ողջ աշխարհում, անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ է»,-ասել է երգիչը։

Հռոմի Պապը հազարավոր հավատացյալների հետ աղոթել է կործանված օդանավում զոհվածների համար, հիշեցնելով՝ ռուսական համույթը 2004 թվականին համերգով հանդես է եկել Վատիկանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG