Մատչելիության հղումներ

Հրատարակվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին վերաբերող ուշագրավ ժողովածու


Հրանուշ Խառատյան, արխիվ:

Հրանուշ Խառատյան, արխիվ:

Լույս է տեսել «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում․ պատմություն, հիշողություն, առօրյա» ստվարածավալ ժողովածուն, որը հեղինակել են պատմաբան-ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը, Գայանե Շագոյանը, Հարություն Մարությանն ու Լևոն Աբրահամյանը:

Նրանցից յուրաքանչյուրը մի առանձին բաժին է հեղինակել: Առանձին բաժնում ներկայացված են բռնադատվածների և նրանց ժառանգների հուշերը:

400 էջանոց այս ուշագրավ գիրքը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի, Գերմանիայի ժողովրդավարական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի կողմից։

Շնորհանդեսի հենց սկզբում Հրանուշ Խառատյանը շեշտեց, որ անկախության ձեռք բերումից հետո այս ամբողջ շրջանում շատ աշխատանք է կատարվել՝ վերհանելու ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումների պատկերը․ - «Մենք ո՛չ պիոներն ենք, ո՛չ առաջիններն ենք: Այստեղ նստած են պարոն Արմենակ Մանուկյանը, պարոն Ամատուն Վիրաբյանը: Կա Ֆելիքս Բախչինյանը, և կան ոչ միայն պատմաբաններ, այլև գրականագետներ: Հատկապես, որ երեսնական թվականների ռեպրեսիաները գրողական միջավայրի համար շատ մասնավոր քննարկվում են»:

Հրանուշ Խառատյանը հեղինակել է շնորհանդեսի ներկայացված գրքի «Նացիոնալիզմի դիսկուրսը և ցեղասպանության հիշողության թիրախավորումը քաղաքական բռնություններում» բաժինը, որտեղ «Զոհերն ու մեղավորները» ենթաբաժնում անդրադարձել է անցյալ դարի 30-ական թվականներին տեղի ունեցած Աղասի Խանջյանի սպանությանն ու հականացիոնալիստական պայքարին Հայաստանում, նաև այդ ժամանակաշրջանում նախկին թուրքահայերին, որոնց հազարներով աքսորում էին Ալթայի երկրամաս, քաղաքական բռնաճնշումների քրեականացման օրինականացմանը և այլն:

«Մենք ուշագրավ նյութ ունեցանք Վրաստանի արխիվում: Նախևառաջ Վրաստանի արխիվը ավելի ողբերգական վիճակում է, այսինքն մերը փառավոր վիճակում է: Նրանց արխիվի զգալի մասը այրվել է 1991 թվականին՝ Գամսախուրդիա - Շևարդնաձե քաղաքական հակամարտության շրջանում: Եվ այն քիչը, ինչ որ մնացել է արխիվից, կա՛մ ցուցակներն են մարդկանց, կա՛մ երեսնական թվականներին վերաբերող որոշ անձանց գործեր են: Ցուցակները մենք բոլորը մեկ առ մեկ արդեն կարողացել ենք նայել: Այս պահին մոտ չորս հազար անձի ցուցակ ունենք», - փոխանցեց Խառատյանը:

Գրքում տեղ գտած հոդվածներն ամբողջովին հիմնված են արխիվային նյութերի և ստալինյան ռեժիմի բռնաճնշումների ենթարկված հայկական ընտանիքների անդամների հիշողություններից և զրույցներից արված եզրահանգումների վրա:

Հատկապես ծանր է եղել նախկին թուրքահպատակ հայերի վիճակը: Մարդիկ, ովքեր մազապուրծ փրկվել են Հայոց ցեղասպանությունից, Հայաստանում, սոսկ Թուրքիայի ծնված լինելու պատճառով, պարզապես դատապարտվել են առավելագույն պատժի՝ գնդակահարության, կամ, լավագույն դեպքում, աքսորվել են Սիբիր:

«Ընդամենը տասը օր առաջ Օմսկի մարզից մեր կոլեգան Հարություն Մարությանին ուղարկել է նրա մոր հետ կապված արխիվային գործը, որը մենք չէինք տեսել: Եվ այստեղ շատ հստակ երևում է, որ իրենց աքսորել են հենց որպես թուքահպատակ», - հավելեց Խառատյանը

Ստալինյան ժամանակաշրջանում ռեժիմի կողմից հայերի բռնադատությանը նվիրված այս գրքի համահեղինակ Հարություն Մարությանը ընդգծում է, որ իր պարագայում շատ անձնական թեմայի է անդրադարձել․ մայրը՝ Արփենիկ Ալեքսանյանը բռնադատված է եղել և նրա գրած օրագիրը՝ մոտ 400 էջանոց գիրք, լույս է ընծայվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից՝ հիմք դնելով «Հիշողություն և ազգագրություն» մատենաշարի, որի 5-րդ գիրքն այսօրվա շնորհանդեսին ներկայացված գիրքն է: Հաջորդը լույս կտեսնի արդեն 2017 թվականին:

«Երբ խոսում են ստալինյան շրջանի մասին, միշտ օգտագործվում է անհատի պաշտամունք ձևակերպումը, որը, իմ խորին համոզմամբ, մի փրկարար՝ չակերտով կամ առանց չակերտի, տեսություն է, որ առաջ քաշվեց Կոմունիստական կուսակցության վերնախավի կողմից՝ մեղքը բարդելով կոնկրետ մեկ անհատի և այդ անհատի գործակիցների վրա: Այսինքն, մեղքը բարդելով նրանց վրա, մեղքը վերցվում էր ընդհանրապես կոմունիստական կուսակցության վրայից և ընդհանրապես ռեժիմի վրայից», - ասաց Մարությանը:

XS
SM
MD
LG