Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ին ուղղված բողոքներն առավելապես վերաբերում են արդարադատության և իրավապահ համակարգերին


Արման Թաթոյանը Գյումրիում, 27-ը դեկտեմբերի, 2016 թ․
Արման Թաթոյանը Գյումրիում, 27-ը դեկտեմբերի, 2016 թ․

Օմբուդսմեն Արման Թաթոյանը տարին ամփոփեց Գյումրիում կայացած մամլո ասուլիսին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անցնող տարվա ընթացքում մոտ 5000 բողոք է ստացել: Քաղաքացիներն ամենից շատ բողոքել են ոստիկանության գործողություններից: 625 բողոք հասցեագրվել է ըստ պատկանելության: Այս մասին այսօր Գյումրիում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իրենք ևս ոստիկանության գործողություններում խախտումներ են արձանագրել:

«Խախտումնբերը հաճախ հենց ոստիկանություն տանելու ճանապարհին են արձանագրվել, փոխադրամիջոցում և այլն: Խնդիրներ են արձանագրվել քրեական հետապնդման ընթացքում: Կա պրակտիկա, երբ քաղաքացիների անձնագրերը վերցվում են վարույթի ընթացքում․․․»,- ասաց օմբուդսմենը:

Ձերբակալված անձանց իրավունքի պաշտպանության հարցում ևս խախտումներ են արձանագրվել: Ոստիականությունը շատ հաճախ խոչընդոտում է փաստաբանների մուտքն իրենց բերման ենթարկված կամ կալանավորված պաշտպանյալների մոտ: Սա, ըստ օմբուդսմենի, լուրջ խնդիր է, հետևաբար՝ նա առաջարկելու է համապատասխան օրենքի խստացում:

Քրեակատարողական հիմնարկներից ևս քիչ չեն բողոքները: Անազատության մեջ գտնվողների իրավունքների խախտումներ, բանտային պայմաններ, բուժսպասարկում: Ահազանգերը հիմնականում այդ խնդիրներին են վերաբերում: Որոշ հարցեր նման ահազանգերից հետո լուծվել են՝ խցերի պայմաններն են բարելավվել, բուժզննում է կազմակերպվել:

Բանտարկյալների մեծ մասի դժգոհությունը, սակայն, պատժից վաղաժամ ազատմանն է վերաբերում: «Դատապարտյալներն իրենց օտարացած են զգում այս համակարգից: Ամեն ինչ պետք է անել, որ դատապարտյալին մոտեցնենեք իրեն վերաբերող որոշումների կայացմանը»,- ասաց Թաթոյանը:

Ընդհանուր առմամբ, բողոքների հիմնական թիրախներն են Արդարադատության և իրավապահ համակարգերը․ դատարաններ, նախաքննական մարմիններ, նաև ԴԱՀԿ կառույցները: Բանակում զինծառայողների իրավունքների խախտման դեպքերը ևս քիչ չեն: Ստացվել է 225 դիմում բողոք: «Զինծառայողների հետ կապված հիմնական խնդիրները վերաբերում են զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների կողմից բժշկական հետազոտությունների անցկացմանը, այդ թվում՝ զինծառայողների պիտանելիության հետ կապված խնդիրներին»:

Արտերկրում՝ հատկապես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներ ևս կան: Արման Թաթոյանն ասաց՝ ընդամենը օրեր առաջ ՌԴ ՄԻՊ-ի հետ համագործակցության հուշագիր են ստորագել և արդեն ՌԴ-ում անազատության մեջ գտնվող Հրաչյա Հարությունյանի հետ կապված ահազանգով դիմել է իր ռուս գործընկերոջը:

Ռուսատանում գտնվողները հիմնականում միգրացիայի ու աշխատանքի թույլտվության հետ կապված խախտումներից են բողոքում: Ի դեպ, խախտելով ավանդույթը, Արման Թաթոյանն այսօր 120 կմ ճանապարհ էր կտրել, որ ամփոփիչ ասուլիսը Գյումրիում անցկացնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG