Մատչելիության հղումներ

Բրիտանական ընկերությունը կօգնի նախագծել Երևանի նոր տրանսպորտային համակարգը


Երևանի նոր տրանսպորտային համակարգը արդեն նախագծման փուլում է: Այսօր պայմանագիր է կնքվել միջազգային խորհրդատուների հետ։ Դրանով զբաղվում է Բրիտանական WYG ընկերությունը, աշխատանքներին ներգրավվել են նաև մեկ նիդերլանդական և հայկական ընկերություն։

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի խոսքով, ընտրված ընկերությունները պետք է 6 ամսվա ընթացքում ուսումնասիրեն Երևանի տրանսպորտային ոլորտը և արդյունավետ մոդել առաջարկեն։ Այս աշխատանքի համար քաղաքապետարանը 850 հազար դոլար կվճարի։

«Համոզված ենք, որ եթե ուզում ենք ունենալ ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան տարնսպորտային համակարգ, ապա դրա կարևոր բաղադրիչներից մեկը հենց էլեկտրոնային տոմսային համակարգն է և այն, որ վարորդի աշխատանքը չպետք է պայմանավորված լինի ուղևորի քանակով, ուղևորից գումար գանձելով և այլն: Վարորդը պետք է անի իր աշխատանքը: Վարորդի աշխատանքի չափորոշիչը պետք է լինի սահմանված ժամկետներում կանգառ հասնելը և սահմանված չափորոշիչներով ծառայություն մատուցելը», - հավելեց Նիկոյանը:

Քաղաքային իշխանությունները խոստանում են, թե մոտ մեկ տարի հետո մայրաքաղաքում եվրոպական տրանսպորտային մոդել կլինի։ «Գազել»-ներ չեն լինի․ կլինեն նոր ավտուբուսներ, կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ։

Ծրագիրն իրականացնելու համար կպահանջվի շուրջ 100 միլիոն դոլար: Երևանի փոխքաղաքապետի խոսքով՝ եթե ներդրողներ չլինեն, վարկ կվերցնեն․ - «Մենք նախնական բանակցություններ վարել ենք Եվրոպական ներդրումային բանկի հետ, որոնք բանավոր տվել են իրենց համաձայնությունը նման ծրագրի առկայության պարագայում էժան ֆինանսական միջոցներ տրամադրել քաղաքին: Եվրոպական ներդրումային բանկը այս պահին տվել է համաձայնություն ծրագրի հիսուն տոկոսը ֆինանսավորելու՝ մյուս հիսունը այլ դոնորների կողմից ֆինանսավորելու պարագայում: Մենք շարունակում ենք բանակցությունները: Մեր նպատակն այն է, որ երբ փաթեթը պատրաստ լինի, քննարկված լինի և ընդամենը մնա ներդրման պահը, այդ պահին մենք ունենանք նաև ֆինանսական միջոցները»:

Խորհրդատուները ընտրվել են միջազգային մրցույթի արդյունքում: Նրանք նոր տրանսպորտային մոդելը պետք է ներկայացնեն 2017 թվականի հունիսին: Դրանից հետո, ըստ Նիկոյանի, հանրային քննարկումների փուլ կլինի․ - «Պետք է հասկանանք, որ պիտի կարողանանք տրանսպորտ փոխենք․ մի կետից մյուսը մի տրանսպորտով երթևեկելը այլևս կարող է հնարավոր չլինել: Դա ամբողջությամբ պիտի մատուցվի մեր հանրությանը»:

«Նոր տրանսպորտային համակարգի ներդրման պարագայում նաև սակագնի բարձրացում կլինի»,- ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ իրենք խորհրդատուի առաջ խնդիր են դրել, որ էական բարձրացում չլինի: Դա կանեն, օրինակ, տրանսպորտային միջոցների կրճատման հաշվին․ - «Օպտիմալ, արդյունավետ երթուղային ցանցի պարագայում համոզված ենք, և մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կունենանք տրանսպորտային միջոցների քանակի էական նվազում, եթե չասեմ՝ կրկնակի։ Հստակ ֆիքսած ուղևորահոսքի պարագայում կրկնակի տրանսպորտային միջոցների քանակի նվազումը բերելու է ծախսերի արդյունավետության, ծախսերի էական կրճատման»:

Սակագնի որոշման հարցում կարևոր է նաև, թե քաղաքացին ինչի համար է վճարելու․ խորհրդատուն պետք է որոշի՝ տոմսը լինելու է ժամով, կիլոմետրով, թե այլ կերպ։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը փաստում է, որ հիմա Երևանի տրանսպորտային համակարգը խայտառակ վիճակում է: Բարեփոխումներ, իհարկե, պետք են, բայց թե ինչ չափորոշիչներով է խորհրդատուն նախագծելու մոդելը, պարզ չէ․ գործընթացը, նրա խոսքով, թափանցիկ չէ: Պիպոյանը նաև մի քանի տարի առաջ քաղաքապետարանում ստեղծված ոլորտի խնդիրները քննարկող աշխատանքային խմբի անդամ է, սակայն այս խումբը արդեն երկար ժամանակ նիստ չի գումարել․ - «Բա աշխատանքային խումբ էր, մի հատ կանչեիք, ասեիք՝ էս ա չափորոշիչը: Կարող ա մի հատ չափորոշիչ էլ մենք ասեինք»:

Պիպոյանի խոսքով, նոր Հարկային օրենսգրքով ավտոբուսների օգտագործման հարկն է բարձրացվել, իսկ միկրոավտոբուսներինը նվազել, ինչը չի նպաստում ավտոբուսների ավելացմանը։

XS
SM
MD
LG