Մատչելիության հղումներ

Հայաստանում արձագանքում են ՀԱՊԿ-ի քարտուղարի պաշտոնը Երևանին չփոխանցելու փաստին


ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Երևանում, 14-ը հոկտեմբերի, 2016 թ․

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Երևանում, 14-ը հոկտեմբերի, 2016 թ․

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչն ընդունում է, որ «այստեղ խնդիր կա»:

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցչին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում չընտրելը Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը բացատրում է նիստին Բելառուսի նախագահի բացակայությամբ և դրանով պայմանավորված՝ քվորում չլինելու հանգամանքով: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, հիշեցնենք, հետաձգվել է ﬕնչև կազմակերպության խորհրդի՝ հաջորդ տարվա ապրիլին կայանալիք նստաշրջանը:

Սա առաջին անգամը չէ, որ ինչ-ինչ պատճառներով Հայաստանի դե-յուրե ռազմա-քաղաքական դաշնակիցներ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը հրաժարվում են ՀԱՊԿ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում ընտրել Հայաստանի ներկայացուցչին: Մինչդեռ, ռոտացիոն կարգով այս պաշտոնում անդամ երկրների ներկայացուցիչներին ընտրելու մասին որոշումն ընդունվել էր դեռևս մեկ տարի առաջ՝ անցած դեկտեմբերին։

Անցած տարի ՀԱՊԿ-ի՝ Մոսկվայում կայացած գագաթնաժողովին որոշում կայացվեց գործող քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները երկարաձգել ևս մեկ տարով, և նոր քարտուղարի հարցին անդրադառնալ հոկտեմբերին։ ՀԱՊԿ-ի հոկտեմբերին կայացած երևանյան գագաթնաժողովին (Հայաստանը ընթացիկ տարում նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում), սակայն, գլխավոր քարտուղար դարձյալ չնշանակվեց, այս անգամ արդեն Ղազախստանի նախագահի բացակայության պատճառով, և որոշվեց հարցի քննարկումը հետաձգել մինչև դեկտեմբեր։

Ռուսաստանյան մամուլն այսօր անդրադարձել է նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Եվրասիական միության խորհրդի նիստին և ՀԱՊԿ գագաթնաժողովին, արձանագրելով, որ Հայստանի ներակայացուցչին «այս անգամ էլ չհաջողվեց» դառնալ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտողւար։ Լուկաշենկոյի բացակայությունն էլ ռուսական ԶԼՄ-ները բացատրում են նախ և առաջ առևտրի և էներգետիկայի ոլորտներում Մոսկվայի ու Մինսկի միջև եղած լուրջ տարաձայնություններով:

Լուկաշենկոյի բացակայությանն է անդրադարձել նաև Ռուսաստանի նախագահի մալո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, թե Բելառուսի նախագահի ներկա չգտնվելը չի խանգարի ԵՏԽ-ի նիստի աշխատանքներին, և բոլոր նախագահները կստորագրեն նախօրոք համաձայնեցված փաստաթղթերը: Դրանք կուղարկվեն նաև Մինսկ, որպեսզի «ստորագրի նաև Ալքսանդր Լուկաշենկոն»։

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական Սամվել Ֆարմանյանի խոսքով, Հայաստանում պետք է հստակ հասկանան, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունն ընդամենը հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների շարունակությունն է: Ուստի՝ պետք չէ այդ կազմակերպության հետ մեծ հույսեր կապել: ՀԱՊԿ-ի նոր քարտուղարի նշանակման հարցի առնչությամբ էլ Ֆարմանյանը, մասնավորապես, նշեց՝

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչպես գիտեք, տեղի է ունենում կոնսենսուսով: Այսինքն՝ բոլոր երկրների ղեկավարները պետք է ներկա լինեն և համաձայնվեն: Հիմա դուք վիճարկում եք հարցը և շատ ճիշտ եք անում՝ ինչպե՞ս ստացվեց, որ մի դեպքում Նազարբաևը չժամանեց Երևան, երկրորդ դեպքում Լուկաշենկոն չժամանեց Սանկտ Պետերբուրգ, երրորդ դեպքում, ասենք, չգիտեմ ինչ կարող է լինել:

Խնդիր կա՞, այո, կա: Բայց էդ խնդրի գոյության հետ զուգահեռ որևէ պետության ղեկավար հրապարակայնորեն բարձրաձայնե՞լ է ռոտացիոն նշանակման աննպատակահարմարությունը, ո՛չ»,- մատնանշեց իշխող Հանրապետական խմբակցության անդամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG