Մատչելիության հղումներ

ՊԵԿ․ «Զվարթնոց»-ում կանխվել է 100գ «մեթամֆետամին» թմրանյութի արտահանումը


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, արխիվ

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր հաղորդում է Հայաստանից «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի արտահանման փորձ կանխելու մասին:

«Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ: Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է: Հայաստանի քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը: Ըստ վերլուծությունների՝ սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 դոլարի շրջանակում, իր նախորդ հաղորդագրություններից մեկում տեղեկացրել էր ՊԵԿ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG