Մատչելիության հղումներ

Էդմոն Մարուքյան․ «Ելք» դաշինքը ընտրել է ամենադժվար ճանապարհը


Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Ելք» դաշինքը գնում է ոչ թե խորհրդարանում իր տեղը ունենալու, այլ իր պատկերացրած, իր տեսլականին համահունչ փոփոխություններ բերելու Հայաստան: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դաշինքի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Խորհրդարանում մենք մեր տեղերը ունենք, եթե նայենք դաշինքի երկու ուժերը գոնե, և երկու ուժերում էլ, և նաև «Հանրապետություն» կուսակցությունում նույնպես, մեր մոտեցումը հետևյալն է, որ եթե պետք է մենք առանձին գնայինք և ունենայինք մեկ մանդատ, երկու մանդատ, երեք մանդատ կամ մինչև հինգ մանդատ, մենք գնում ենք էն ճանապարհով, որ ավելի մեծ թիմով լինենք գալիք խորհրդարանում», - ասաց Մարուքյանը՝ հավելելով․ - «Եվ մենք մեր մանդատը վերարտադրելու խնդիր էստեղ, բնականաբար, չենք դրել, որովհետև եթե ուզենայինք գնալ հեշտ ճանապարհով, թե՛ ես և թե՛ մեր գործընկեր մյուս ուժերը կարող էինք էդ ճանապարհով գնալ: Եվ մենք ընտրել ենք ամենադժվար ճանապարհը՝ փոփոխությունների հասնելու և ելքը ցույց տալու ճանապարհը»:

Հարցին՝ ի՞նչ երաշխիք կա, որ իրենց դաշինքին ևս չի սպառնում այն դաշինքների ճակատագիրը, որոնք խորհրդարան մտնելուց հետո որպես դաշինք դադարել են գործել և տապալվել են, հատկապես որ իշխանությունները ևս նման կանխատեսումներ են անում, պատգամավորն արձագանքեց՝ «իշխանությունները ամեն ինչ արել են, որ նախկինում եղած դաշինքները քանդվեն, և հիմա էլ ամեն ինչ անում են, որ դաշինքներ չձևավորվեն, ձևավորվածներն էլ խնդիրներ ունենան, և որ ամեն ինչ արվելու է նաև ընդդեմ «Ելք» դաշինքի՝ դա էլ է ակնհայտ»:

Այնուհանդերձ, շեշտեց Մարուքյանը, «Ելք» դաշինքը տարբերվում է նախկինում եղած բոլոր դաշինքներից մի քանի առումներով․ - «Նախ՝ մեր հուշագրում, որը մենք ստորագրեցինք, նշված է, որ մենք միասին մասնակցելու ենք նաև Երևան քաղաքի ընտրություններին, այսինքն՝ երկարատև համագործակցության, համատեղ քաղաքական գործունեության մասին ևս մեկ արձանագրում: Ավելին՝ հուշագրում նշված է, որ դաշինքը իր գործունեության արդյունավետության հաջողության արդյունքում նաև սկսելու է քննարկել մեկ քաղաքական միավոր դառնալու հարցը, և էստեղ ակնհայտ է, որ խորհրդարանական Հայաստանում գնալու է քաղաքական միավորների խոշորացում, և դա մենք ի սկզբանե ազդարարում ենք և ի սկզբանե ամրապնդում ենք դաշինքը նաև մեր այդ ունեցած նպատակով»:

XS
SM
MD
LG