Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի կրտսեր որդին «այնքան էլ չէր ցանկանա» դառնալ Բելառուսի նախագահ


Ռուսաստան - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա որդի Նիկոլայը ծաղկեպսակ են տեղադրում Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանին, դեկտեմբեր, 2015թ․

Ռուսաստան - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա որդի Նիկոլայը ծաղկեպսակ են տեղադրում Մոսկվայում Անհայտ զինվորի գերեզմանին, դեկտեմբեր, 2015թ․

Բելառուսի նախագահի կրտսեր որդին՝ 12-ամյա Նիկոլայ Լուկաշենկոն հայտարարել է, թե երկրի նախագահի պաշտոնում հորը շարունակելու իր ցանկությունը այնքան էլ մեծ չէ: Այս մասին նա խոսել է ռուսաստանցի իր հասակակից Եվգենի Գրիշինի հետ զրույցում:

Գրիշինի բելառուսական այցի մասին պատմող ռեպորտաժը հեռարձակվել է երկրի ազգային առաջին ալիքով: 12-ամյա ռուսաստանցին, ինչպես ռեպորտաժում է նշվում, երազել է լրագրող դառնալ և Բելառուսի մասին ռեպորտաժ պատրաստել, իսկ Մինսկ կատարած այցը դարձել է նրա արտասահմանյան առաջին գործուղումը:

Ռուսաստանցի հասակակցի հարցերին պատասխանելով՝ Լուկաշենկո կրտսերը հայտարարել է․ - «Անկեղծ, այնքան էլ չէի ցանկանա դառնալ նախագահ»: «Դա շատ դժվար կյանք կլինի: Ես վստահ չեմ, որ պատրաստ եմ», - համեստորեն խոստովանել է 1994 թվականից Բելառուսը անփոփոխ ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության հարցում․ - «Միգուցե բժիշկ՝ մարդկանց օգնելը լավ գործ է, իսկ միգուցե՝ զինվորական»:

Չինաստանից մինչև Վենեսուելա, զինավարժարաններից մինչև տնամերձ այգիներ հորն ուղեկցող Կոլյան ռուսաստանցի հյուրին որոշել է պատվել այնպես, ինչպես հայրն է պատվում իր թանկագին հյուրերին. նախ ցույց է տվել իրենց տնամերձ հողամասը, ապա՝ ձիով զբոսնել, մասնակցել կով կթելու արարողությանը, դաշնամուր նվագել, այնուհետև հրավիրել իր հոկեյի պարապմունքին, որին քիչ անց միացել է նաև հայրը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը բազմիցս հայտարարել է, թե չի պատրաստվում կրտսեր որդուն նախագահ դարձնել և առհասարակ չէր ցանկանա որդիներից և ոչ մեկին նախագահական ճակատագիր:

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն ամենուր՝ անգամ համաշխարհային մակարդակի միջոցառումներին, ներկայանում է որդու ուղեկցությամբ՝ Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպմանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, Հռոմի Պապի ընդունելությանը:

Առաջին անգամ Կոլյան հանրությանը ներկայացել է 2007 թվականին, երբ ընդամենը երեք տարեկան էր: Նախագահ հայրն այն ժամանակ հայտարարել էր, թե ստիպված է ամենուր Կոլյային իր հետ տանել, քանի որ չկա մեկը, ում մոտ կարող է թողնել երեխային: 2015 թվականի սեպտեմբերին դպրոց գնալու փոխարեն Կոլյան հոր հետ մեկնել է Չինաստան՝ մասնակցելու պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը: Այդ օրը դպրոցական Կոլյան ծանոթացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և առաջին տիկնոջ հետ: Իսկ 2014 թվականին կրտսեր Լուկաշենկոն ներկա է գտնվել Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը և նախագահների համար կազմակերպված փակ ընդունելությանը: Այն ժամանակ Կոլյային նկատել են օթյակում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

XS
SM
MD
LG