Մատչելիության հղումներ

Անօթևանների բաշխիչ կենտրոնը, որ պիտի բացվեր անցած տարի, այս տարվա ավարտին էլ չի բացվել


Անօթևանների կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանը

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի ու կառավարության հատկացրած միջոցներով գործող անօթևանների կացարանը իր հարկի տակ 100 բնակչի է հյուրընկալել։

Կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի փոխանցմամբ՝ պաշտոնական վիճակագրություն, թե փողոցում այսօր քանի մարդ է բնակվում, չկա, սակայն գրեթե ամեն օր ահազանգեր են ստանում։

Կենտրոնի հոգեբան Սուսաննա Ումուդյանի խոսքով, իրենց մոտ հայտնված մարդիկ հիմնականում սոցիալական կամ ընտանեկան խնդիրների պատճառով են այստեղ․ - «Ե՛վ դատախազ ենք ունեցել, և՛ դպրոցի տնօրեն․․․ շատ գրագետ մարդիկ ունենք: Եվ կան մարդիկ, ովքեր ճակատագրի հարվածով են հայտնվել մեր մոտ՝ Ռուսաստանից արտաքսված մարդիկ, բանտերից դուրս եկածներ»:

Կառավարություն այս տարի օրենքով սահմանեց, թե ինչ է նշանակում անօթևան, սակայն նոր կացարան կամ ֆինանսական հավելյալ միջոցներ խնդրի լուծման համար չնախատեսեց։ Գումար չհատկացվեց նաև անօթևանների բաշխիչ կենտրոն ստեղծելու համար, թեև այն դեռ 2015-ից պետք է գործեր:

«Դա նախագիծ էր, որ պետք է լիներ բաշխիչ կենտրոն, և այդ բաշխիչ կենտրոնը պետք է փողոցում հայտնված ցանկացած մարդ կտեղափոխվեր այդ կենտրոն: Այդ կենտրոնում կլինեին հոգեբույժներ, թերապևտ բժիշկներ, տարբեր մասնագետներ, և նրանք կախտորոշեին այդ մարդու խնդիրը: Եթե նա անօթևան էր, կուղղորդեին անօթևանների կենտրոն, եթե նա հոգեկան հիվանդ էր, կուղղորդեին հոգեբուժական հիվանդանոց», - ասաց տնօրենը:

Տաք սենյակից ու օրական երկանգամվա սննդից անօթևանները, սակայն, միայն երեք ամիս կարող են օգտվել։ Կացարանի տնօրենի խոսքով, իրենք այս ընթացքում փորձում են բնակիչներին որոշ հմտություններ սովորեցնել, մասնագիտություն տալ, որպեսզի աշխատանք գտնեն ու կարողանան բնակարան վարձակալել․ - «Աշխատում ենք, որ իրենց համար գտնենք աշխատանք, որպեսզի աշխատեն, երկու հոգով, նույնիսկ երեք հոգով տուն վարձեն և կարողանան ինքնուրույն կյանքի անցնել: Պետությունը չի կարող բոլորին պահել մինչև իրենց կյանքի վերջը»:

Կացարանի բնակիչները, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում պնդեցին, թե չգիտեն այստեղից դուրս գալուց հետո ինչ են անելու, քանի որ աշխատանք այդպես էլ չեն կարողացել գտնել։

Ազատամարտիկ Արմենը տան մասին հարցը լսելուց հետո չկարողացավ զայրույթը զսպել, ասաց տարիներ շարունակ բնակարանի է սպասում․ - «Ուզեցել եմ տուն վերցնեմ, որպես ազատամարտիկ, հասնում ա օրենքով: Քանի անգամ քաղաքապետարան դիմեցի տան հարցով: Հա թազա թղթեր են ուզում․․․»

Օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին երևանցի մի անօթևանի ու Վանաձորցի մի տարեց կնոջ ցրտահարման ու մահվան մասին։ Կացարան էլ անօթևաններից շատերն հիմնականում ցրտահարված վիճակում են բերվում։

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ հիվանդանոցները չեն գրանցում, թե իրենց մոտ հայտնված հիվանդներից քանիսն է անտուն։

Չցրտահարվելու համար Տպագրիչների փողոցի բակերից մեկում ապաստանած Գևորգը կրակը միշտ վառ է պահում։ Նա պնդեց, որ ազատամարտիկ է և երևանյան այդ բակում բնակվում է արդեն 20 տարի:

XS
SM
MD
LG