Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետը Վանաձորի տնտեսության «շրջադարձային» փոփոխություն է խոստանում


Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան, 26-ը դեկտեմբերի, 2016 թ․
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան, 26-ը դեկտեմբերի, 2016 թ․

Այսօր կայացած տարեվերջյան ասուլիսին Արթուր Նալբանդյանը նաև համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Վանաձորի ավագանու նիստերը կկայանան:

Վանաձորում ստեղծված հետընտրական իրավիճակն ու, մասնավորապես, Ավագանու ընդդիմադիր անդամների բոյկոտը, ըստ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, պայմանավորված է առաջիկա խորհրդարանական ընտրություններով:

Այսօր կայացած տարեվերջյան ամփոփոիչ ասուլիսի ընթացքում, պատասխանելով «Ազատության» հարցին, Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Վանաձորի ավագանու նիստերը կկայանան: «Բոլոր քաղաքական ուժերը, ովքեր այսօր փորձում են բոյկոտել ավագանու նիստերը, փորձելու են ցույց տան, որ իրենք ամենաընդդիմադիր քաղաքական ուժերն են, և փորձելու են ցույց տան, որ իշխանության հետ որևէ ձևով ճանապարհ չեն անցնելու և այլն:

Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ընտրություններից անմիջապես հետ, երբ որ Ազգային ժողովում կձևավորվեն այն քաղաքական ուժերը՝ ովքեր են կոալիցիա դառնալու, ովքեր են դառնալու լուրջ ընդդիմություն, միանգամից ապրիլին, Վանաձորում նիստը կկայանա, և ամեն ինչը կընկնի իր բնականոն հունի մեջ»,- ասաց մարզպետը:

Անդրադառնալով «Վանաձոր Քիմպրոմ»-ի աշխատողների՝ աշխատավարձերի վճարման պահանջով բողոքի պարբերական ակցիաներին, մարզպետն ասաց, թե չգիտի, թե 160 միլիոն դրամի պարտքը երբ կմարվի: «Բանն այն է, որ լուծարային այդ հանձնաժողովի առջև խնդիր է դրած, կետերով՝ ա, բ, գ,: Աշխատավարձը գտնվում է գ կետի մեջ, այսինքն՝ մինչև ա, բ կետերը չկատարեն, աշխատավարձը տալու մասին խոսքն անիմաստ կդառա»:

Գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին ի պատասխան էլ, Նալբանդյանը նկատեց՝ եթե մի քանի տարի առաջ գործարանը ոտքի կանգնեցնելու և վերագործարկելու փորձեր են արվել, այսօր արդեն այդ տարբերակը բացառվում է: «Նույնիսկ մարզերից հայտեր էինք ստանում, բայց տեսանք, որ հին տեխնոլոգիաներն այլևս իրենց չեն արդարացնում: Եվ այն ինքնարժեքով պարարտանյութ, որ մենք կարող էինք ստանալ, թե՛ որակապես, թե՛ արժեքի առումով, բնականաբար, որևէ մի կազմակերպության ձեռնտու չէր լինելու»,- ասաց Նալբանդյանը:

Երբեմնի արդյունաբերական քաղաքն այսօր փորձում են այլ ուղղությամբ զարգացնել: Մարզի ղեկավարի կարծիքով, Վանաձորի տնտեսության մեջ շրջադարձային փոփոխություն է լինելու: Մարզպետը հատկապես կարևորում է 2017-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումը: 2017 թվականը հռչակելով «Սմարթ մարզ», Արթուր Նալբանդյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք իրականացվելու են Լոռիում, վստահեցնելով՝ դրանք էապես կնպաստեն տնտեսության զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG