Մատչելիության հղումներ

«Էլ տեղ չկար, որ չդիմենք»․ «Վանաձոր Քիմպրոմ»-ի ՋԷԿ-ի աշխատակիցները հերթական ակցիան անցկացրեցին


Տեսարան Վանաձորի կենտրոնից, արխիվ

Տեսարան Վանաձորի կենտրոնից, արխիվ

«Վանաձոր Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի մի խումբ աշխատակիցներ շաբաթավերջին կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի առջև՝ պահանջելով իրենց մի քանի ամսվա աշխատավարձը: Կարծում են՝ ցույցերի միջոցով իրենց խնդիրը ուշադրության կենտրոնում են պահում:

«Բա էրեխեն մինչև լաց չի ըլում, մերը կաթ չի տալիս: Հիմի ասում ենք՝ գանք էլի մի բան անենք, գոնե մեր փողերը տենանք ինչ ա: Կոնկրետ պատասխան տան գոնե՝ ըլելու ա, չի ըլելու, երբ ա ըլելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

2015 թվականի դեկտեմբերի կեսերին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո քիմպրոմցիների պարտքերն ամբողջովին մարվեցին: 2016-ին, սակայն, նոր պարտքեր են կուտակվել:

Գործարանի աշխատակիցները իշխանության տարբեր ներկայացուցիչների են դիմել իրենց խնդրով, բայց այդպես էլ արդյունքի չեն հասել:

«Ոնց, էլ ինչ տեղ չկար, որ չդիմենք: Մի անգամ նախագահին նամակ ենք գրել, էկել էր ստեղ՝ գրավոր դիմել ենք, վարչապետին էս մեկին էլ ենք դիմել, էն մեկին էլ ենք դիմել՝ նախկինին: Ոչ մի բան չկա», - ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:

«Արդեն երեք հատ վարչապետի ենք դիմել, պրեզիդենտի ենք դիմել, դատարան, դատախազ, էլ հավաքարարից բռնցրած՝ մինչև պրեզիդենտ դիմել ենք, չենք կարում էդ փողը պոկենք», - հավելեց մեկ ուրիշը:

«Վանաձոր Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները պահանջում են նաև 2011 թվականի 4-5 ամսվա աշխատավարձը: Նրանք դեռ 2012-ին դատի էին տվել ՋԷԿ-ի սեփականատեր «Ռեգիոն էներջի» ընկերությանը, 2014-ին դատը շահել էին, բայց մինչ օրս աշխատողներից ոչ մեկն իր գումարը չի ստացել․ դատարանը սնանկ էր ճանաչել ընկերությանը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամի աշխատավարձի պարտք, ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ ընկերությունը գույք չունի:

«Սառույց ա, որ չի ուզում կոտրվի, չեն ուզում կոտրեն: Է որ իմանանք մեղավորն ով ա, մենք մեղավորի հարցերը մեզանով կլուծեինք, էլ հույսներս փորփուրներին չէինք քցի: Մեր կառավարությանն արդեն փրփուրի տեղ եմ ընդունում՝ հինգ տարվա մեջ եթե չկարեցան էս չնչին հարցը լուծել, ուրեմն՝ փրփուրի նման բան են», - ասաց ակցիայի մասնակից քիմպրոմցին:

Մեկ տարի շարունակ քիմպրոմցիներն առիթը բաց չեն թողել մարզկենտրոն այցելած բարձրաստիճան պաշտոնյաներին հանդիպելու և իրենց խնդիրը ներկայացնելու համար: Մի քանի ամիս առաջ հանդիպեցին այժմ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, սակայն, հստակ ոչինչ չասաց, տվեց ճիշտ նույն պատասխանը, ինչ երկու տարի առաջ՝ խնդիրը կքննարկեն մարզպետի հետ:

Բազմաթիվ ցույցերից ու բողոքի ակցիաներից հետո գործարանի հուսահատ աշխատակիցներն անգամ կառավարության շենք հասան, փորձեցին նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրել լուծում տալ իրենց հարցին, կրկին՝ ապարդյուն: Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանի Լոռու մարզ այցի ընթացքում փորձեցին երկրի ղեկավարի հետ հանդիպել, բայց հաջողվեց միայն նամակ հանձնել:

Ամանորի նախաշեմին քիմպրոմցիներն արդեն երկրորդ անգամ են հավաքվում մարզպետարանի դիմաց, որևէ հուսադրող պատասխան, սակայն, այդպես էլ չեն ստացել:

XS
SM
MD
LG