Մատչելիության հղումներ

Իգնատի Առաքելյան․ «Իմ համար նախարար լինելն էլ էր անակնկալ»


Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ասուլիսի ժամանակ, Երևան, 24-ը դեկտեմբերի, 2016թ․

Գյուղնախարարը այդ մասին հայտարարեց՝ պատասխանելով Հանրապետականին իր անդամակցությանը վերաբերող հարցին:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը «Արմենիա Վայն» գինու գործարանում էր որոշել անցկացնել։ Նախարարը հայտարարեց՝ ընկերությունը պայմանագիր է կնքելու Վայոց ձորի գյուղացիների հետ միանգամից 700 տոննա խաղող գնելու համար։ Լրագրողների հարցին՝ արդյոք սա գովազդ չէ՞, պատասխանեց՝ ոչ, պարզապես գինու գործարանը լավ օրինակ է, թե ինչպես պետք է ճիշտ մթերումներ իրականացնել։

«Գիտե՞ք ինչ, ես կարող է տարվա ընթացքում շատ տենց գործարաններ գնամ, այցելեմ, ձեզ էլ հրավիրենք, գովազդենք և զարգացնենք, գյուղմթերքի վերամշակման բրենդները ներկայացնենք, վատ բան չեմ տեսնում դրա մեջ, բայց կոնկրետ այս պահին գովազդի խնդիր չի եղել: Ակամա կարող է ստացվում է, ակամա շատ բան է ստացվում, չեմ գտնում, որ վատ բան է ստացվում», - հայտարարեց Առաքելյանը:

Նախարարը վստահ չէ, թե գյուղացիների պարտքերը, որ կուտակվել են դեռ 2015 թվականից, երբ են մարվելու, սակայն ընկերություններից մեկի գործով նախարարությունը դատախազություն է դիմել։

«Էս պահին չեմ կարող ասել կամ խոսք տալ, որ, այո, խնդիր չկա, անպայման կմարվի: Խնդիրը էսօր՝ թե բիզնեսը ինչ խնդիր ունի, դա նենց չէ, որ մենք ենք մեր վրա պարտավորվածություն վերցրել փողը մարելու պարտքերի: Բայց մենք հետևելու ենք իհարկե», - նշեց Առաքելյանը:

Գյուղատնտեսության ոլորտի անկումը նախարարը հիմնականում եղանակային խնդիրներով է պայմանավորում։ Սեպտեմբերին, պաշտոնական տվյալներով, գյուղմթերքների արտադրությունը նվազել էր 20 տոկոսով, հոկտեմբերին` 30 տոկոսով, մինչդեռ նոյեմբերին նախորդ տարվա համեմատ 6.3 տոկոս աճ էր գրանցվել։ Թվերի կտրուկ այս փոփոխությունը Իգնատի Առաքելյանը տարօրինակ չի համարում և համաձայն չէ պնդմանը, թե թվերը նորից սկսում են ուռճացնել։ Մեթոդոլոգիան է փոխվել՝ ասաց։

«Էն, ինչ որ սեպտեմբերին մթերվել է, իրական թիվ է եղել, էս տարի սենց է: Անցյալ տարի ոնց է եղել՝ ես չեմ կարող էսօր դա մեկնաբանել», - հայտարարեց նա:

Գյուղատնտեսության ոլորտում խնդիրները բազմաթիվ են, սակայն դրանք լուծելու համար մեծ գումար է անհրաժեշտ՝ նկատեց նախարարը։ Նա չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, թե խնդիրների մեծ մասը նախկին նախարարից է ժառանգել։ Ասաց՝ ոլորտը մշտապես զարգանալու կարիք ունի, և հենց այդ նպատակով իրենք ռազմավարություն են մշակել, մի շարք ոլորտներ կշարունակեն սուբսիդավորել, 2018-ին էլ գյուղացիական տնտեսություններն ապահովագրելու փորձնական ծրագիր կներդրվի։ Ինչ վերաբերում է գյուղացիներին վարկերից ազատելու խնդրին, ապա, ըստ Առաքելյանի, դա դեռ քննարկման փուլում է։

«Շատ ժամանակ դա կարող է լինի վարկ, որը գյուղացին վերցրել է իր անձնական կարիքների համար, կամ ինչ-որ այլ, առօրյա հարցերը լուծելու համար: Ու ստեղ, իհարկե, մենք աշխատում ենք շատ և՛ Կենտրոնական բանկի, հետ, և՛ բոլոր էն գերատեսչությունների հետ, որ մշակենք, հասկանանք՝ ի՞նչը համաներենք, ո՞ր մեկը ներենք: Եթե մարդ վերցրել է իր անձնական կարիքների համար, դա ներե՞նք: Էդ դեպքում ձերն էլ ներենք՝ ձեր վարկերը: Ու հստակ չի՝ դա գնացել է գյուղացիակա՞ն տնտեսության համար, թե՞՝ ոչ: Դրա համար, տենց միանշանակ չի, էլի: Հեշտ է հարցը տալ, հեշտ է ասել՝ եկեք սենց անենք, բայց տենց հեշտ չի դա իրականացնել, որովհետև գումարները շատ մեծ են, և իրոք դա պետության համար մեծ բեռ կլինի էսօր», - ընդգծեց Իգնատի Առաքելյանը:

Նախարարը խուսափեց պատասխանել հարցին, թե Հանրապետական կուսակցությանն անդամագրվելուց հետո ի՞նչ է սովորել նժդեհյան գաղափարախոսությունից։ Ասաց՝ չի եկել քննություն հանձնելու․ - «Չեմ համարում, որ դա էն հարցն է, որին նախարարը պետք է պատասխանի, կամ քննություն հանձնի: Դա [իր հանրապետական դառնալը] չի նշանակում, որ ես պետք է ձեզ էսօր ինչ-որ բան պատասխանեմ, քննություն հանձնեմ, կամ ինչ-որ բաներ ասեմ»:

Հիշեցմանը, որ Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր խոստացել իր հետ աշխատանք տանել այդ ուղղությամբ, և լրագրողի հարցին՝ արդյունքները, պտուղները կա՞ն, Իգնատի Առաքելյանը արձագանքեց․ - «Ձե՞զ է հետաքրքիր: Ես ուզում եմ հասկանամ՝ ձեզ ինչո՞վ է հետաքրքրում էդ հարցը»: Դիտարկմանն էլ, որ շատ անակնկալ ստացվեց նոր նախարարների անդամակցությունը իշխող կուսակցությանը, նա պատասխանեց․ - «Ես դրա համար եմ ասում՝ միշտ չի, որ պլանավորում ես, միշտ լինում է ինչ-որ անակնկալներ, որը չի նշանակում, որ դա բացասական է»: «Փաստորեն, Ձեզ համար անակնկալ էր հանրապետական դառնալը», - լրագրողներից մեկի այս դիտարկմանն էլ Առաքելյանն արձագանքեց․ - «Իմ համար նախարար լինելն էլ էր անակնկալ, բայց տենց ստացվում է, և կյանքը շարունակվում է: Դրանից հետո եթե ինձանից գոհ են, ես շարունակում եմ անել աշխատանքը, դժգոհ են՝ ուրեմն չեմ շարունակի աշխատանքը»:

Հաջորդ՝ ընտրական տարում Իգնատի Առաքելյանը նոր պաշտոն չի ակնկալում: «Ինձ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում եմ տեսնում», - ասաց նա։

XS
SM
MD
LG