Մատչելիության հղումներ

«Հայկական վերածնունդ»-ի «դուռը բաց է համագործակցության համար»


«Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) դուռը բաց է առողջ համագործակցության համար: Այդ մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը այսօր ՀՎԿ երիտասարդական միության համագումարի ժամանակ լրագրողների հետ կարճ զրույցում:

Նա հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ տարբեր ուժերի հետ, սակայն անուններ չնշեց:

«Բանակցային գործընթաց տեղի է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ, և մեզ համար կարևոր է, որ իսկապես առաջիկա համապետական ընտրություններում հնարավորինս լայն կոնսոլիդացիա տեղի ունենա՝ դա կարող է լինել մեկ քաղաքական կոնսոլիդացիա, կարող է լինել ինչ-որ բևեռներ, բայց մենք դրա հաստատուն կողմնակիցն ենք», - ասաց Բաղդասարյանը:

«Այս պահի դրությամբ մենք քաղաքական կոնսուլտացիաների մեջ ենք տարբեր քաղաքական կառույցների հետ: Ձևաչափի առումով մենք դեռևս վերջնական որոշումներ չունենք, բայց «Հայկական վերածնունդ»-ը ինքը արդեն բովանդակության մեջ իրենից ներկայացնում է մի յուրօրինակ դաշինք կամ հասարակական-քաղաքական միավորում: Բայց մեր դուռը բաց է առողջ համագործակցության համար, և դեռևս ժամանակ կա, և այդ քաղաքական կոնսուլտացիաները տարբեր ֆորմատներով այսօր ընթացքի մեջ են», - նշեց կուսակցության առաջնորդը:

Երիտասարդներին իր խոսքն ուղղելիս Բաղդասարյանը շեշտեց՝ կոռուպայի դեմ պայքարը, նոր որակի պետության ստեղծումն է իրենց քաղաքական թիմի նպատակը: Լրագրողների հետ զրույցում էլ նա վստահեցրեց, որ փայլուն է գնահատում խորհրդարանական ընտրություններում հաղթելու իր թիմի հավանականությունը:

«Այսօր ընդդիմության անունից քիչ կուսակցություններ չեն խոսում: Ժողովուրդը ինչպե՞ս պետք է հասկանա՝ ո՞րն է իրական ընդդիմությունը խորհրդարանական ընտրություններում, և որո՞նք են իշխանության հաճախորդները», - «Ազատության» այս հարցին «Հայկական վերածնունդ»-ի առաջնորդը պատասխանեց․ - «Գիտե՞ք ինչ կա, յուրաքանչյուր քաղաքական կազմակերպություն ներկայացնելու է իր մոտեցումը, իր ծրագիրը, և հասարակությունն էլ կատարելու է ընտրություն: Այսօր հայ ժողովրդի 90 տոկոսը ընդդիմություն է, եթե չասենք՝ ավելին, և այդ 90 տոկոսի շահերը սպասարկում են տարբեր հասարակական-քաղաքական կառույցներ: Այնպես որ, յուրաքանչյուր կուսակցություն պիտի ներկայացնի իր մոտեցումները, իր տեսլականը, հասարակությունն էլ լսի նրանց և տա գնահատական»:

«Ուղղակի նոր անուններ չենք լսում», - «Ազատության» այս դիտարկմանն էլ Բաղդասարյանը արձագանքեց․ - «Այսօր դուք լսեցիք առնվազն 15 նոր, երիտասարդ պատգամավորության թեկնածուների մասին: Սրանք բոլորը նոր մարդիկ են, այս մարդիկ են, որ պետք է գան քաղաքական դաշտում իրենց նոր ու երիտասարդ խոսքը ասելու: Մեր երկիրն էլ է երիտասարդ՝ ընդամենը 20 տարվա, 25 տարվա պատմություն ունի: Եթե նայեք քաղաքակիրթ եվրոպական երկրներին, տեսեք՝ քաղաքական գործընթացները նույնպես նույն տրամաբանությամբ են զարգանում․ նոր մարդիկ կան, նոր անուններ կան, նոր ասելիք կա, հին մարդիկ կան, հին առաջնորդներ կան․․․ Հասարակությունը բոլորին ճանաչում է»:

«Ազատության» խնդրանքով գնահատելով Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն՝ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց․ - «Դա իրենց իրավունքն է»:

Ավելացնենք, որ այսօր ՀՎԿ երիտասարդական միության համագումարի ժամանակ մեկ տասնյակից ավելի նոր անուններ ներկայացվեցին, որոնք կհամալրեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG