Մատչելիության հղումներ

Ֆիլհարմոնիկը այս տարի լիարժեք է աշխատել և 2017 է մտնում հետաքրքիր ծրագրերով


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներից, արխիվ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներից, արխիվ

Ռուզան Սիրունյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենն է արդեն ճիշտ տասը տարի, օրերս պարզվեց, որ այսուհետ համակարգելու է նաև նորաստեղծ Համահայկական միասնական նվագախմբի աշխատանքները:

Տարին ավարտվում է, և «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Ռուզան Սիրունյանը ի պատասխան հարցի, թե ի՞նչ ձեռքբերումներ գրանցեց Ֆիլհարմոնիկ նվագախումբը 2016 թվականին և ի՞նչ չհասցրեցին իրականացնել, ասաց․ - «Ես կարծում եմ, որ այս տարի մենք այնքան լիարժեք աշխատեցինք, որ նույնիսկ ավելին արեցինք: Իհարկե, տարվա սկիզբը՝ ավելի տխուր թեմաներով, որովհետև հենց ապրիլի քառօրյայի [պատերազմի] շրջանակներում, դուք գիտեք, որ Ֆիլհարմոնիկը առաջին արձագանքողներից եղավ և «Զինվորիս հետ» մեծ ակցիան Կասկադում արեց: Այնուհետ մենք ունեինք Ֆիլհարմոնիկի 90-ամյակը, որը դրանով ընդհատվեց՝ սկսել էինք մարտ ամսին և շարունակեցինք հունիս ամսին՝ 90-ամյակի հոբելյանական համերգով: Այնուհետ ունեցել ենք երկու պրեմիերաներ՝ «Բոհեմի» և «Ռիգոլետոյի», և Երևանյան 10-րդ միջազգային փառատոնը հոբելյանական՝ նվիրված Անկախության 25-ամյակին, 30 մենակատարներով: Իսկ տարին ամփոփում ենք «Շչելկունչիկով», որը նորից մի բարի հեքիաթ է, որով ուզում ենք ազդարարել 2017-ին բարություն, խաղաղություն և ստեղծագործական շատ, շատ, շատ նոր, նոր նախագծեր»:

Իսկ կոնկրետ 2017-ին բացի Համահայկական նվագախմբից խոշոր այլ նախագծերի վերաբերյալ հարցին Սիրունյանը արձագանքեց․ - «Իհարկե, շարունակելու ենք Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, ունենք շատ հետաքրքիր ծրագրեր, ապրիլ ամսին ունենալու ենք նաև հայրենասիրական երգերի նոր ձևաչափով համերգներ՝ չեմ ուզում բարձրաձայնել, բայց երևի Ռոբերտ Ամիրխանյանի երկացանկով: Ունենալու ենք դարձյալ, կարծում եմ, որ մեր մաեստրոն անպայման մեկ օպերային ներկայացում համերգային կկատարի, որը արդեն վաղուց համերգային դառնալուց անցել է թատերականացված, և կարծես թե հետաքրքիր ձևաչափ է: Ունենալու ենք շրջագայություն՝ տարվա վերջին երևի մենք Իսպանիա կմեկնենք: Մի խոսքով, էլի հագեցած՝ ուրբաթօրյա մեր համերգներով և նոր ստեղծագործական մտորումներով»:

«Կա՞ն ինչ-որ հիմնախնդիրներ, որ հույս ունեք 2017 թվականին լուծելու, և առհասարակ՝ ինչի՞ կարիք ունի նվագախումբը, որ կուզենայիք, որ 2017-ին լուծվեր», - այս հարցին էլ Ֆիլհարմոնիկի տնօրենը պատասխանեց․ - «Միակ բանը, այսօր անկեղծ պետք է խոստովանեմ, որ մեր երկրի ղեկավարության՝ Ֆիլհարմոնիկին վերաբերմունքը այնքան բարձր է, որ նույնիսկ հիմա ուզում եմ մտածել՝ ինչի մասին խոսելու, բայց ունեմ, իհարկե, խոսելու թեմա․ դա կապված է գործիքների հետ, որը ոչ միայն մեր, այլ առհասարակ՝ մեր բոլոր նվագախմբերի մոտ ունենք այդ գործիքների խնդիրը, որը, իհարկե, տա Աստված, որ 17-ին լուծվի՝ նոր գործիքների մասին է, երաժշտական գործիքների մասին է խոսքը: Եթե դա լուծվի, իհարկե, արդեն ամբողջապես լիարժեք Ֆիլհարմոնիկը կարող է աշխատել»:

Հավելենք, որ տարեմուտի այս օրերին Երևանի ավագանու որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ են հատկացվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից երեք հոգու՝ տրոմբոնահար Կարեն Սարգսյանին, գալարափողահար Արթուր Հովհաննիսյանին և թավջութակահար Վահե Դանիելյանին: Նրանց բնակարան հատկացնելու միջնորդություն քաղաքապետարան ներկայացրել է Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Երևանում բնակարան է հատկացվել նաև երգիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ՝ Սասունիկում բնակվող հինգ երեխաների հայր Մկրտիչ Մինասյանին: Երեկ արդեն Երևանի քաղաքապետը բնակարանների բանալիները հանձնել է երաժիշտներին:

Իսկ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը օրերս կառավարության նիստին է ներկայացրել նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին արդեն հաջորդ տարի կհատկացվի 100 միլիոն դրամ, որով նվագախումբը կիրականացնի Երևանյան միջազգային 11-րդ երաժշտական փառատոնը: Գումարը հանձնվելու է կառավարության պահուստային ֆոնդից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG