Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահը, մասնավորապես, հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ առաջին իսկ հանդիպմանը կքննարկի ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:

«Ես կհանդիպեմ Թրամփի հետ, երբ նա արդեն ավարտի իր թիմի ձևավորումը: Իսկ մեր առաջին հանդիպման հիմնական հարցը կլինի մեր երկրների հարաբերությունների կարգավորումը»։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն այսօր կայացած իր ամենամյա ավանդական ասուլիսին: ԱՄՆ-ի ընտրյալ նախագահին վերաբերող իր խոսքում Պուտինը նաև ընդգծել է՝ «Թրամփի հաղթանակին ոչ ոք չէր հավատում, միայն մենք»: Եվ իհարկե, եթե Թրամփը Պուտինին հրավիրի Միացյալ Նահանգներ, նա «հրավերը կընդունի»։

Ասուլիսին հարց է հնչել է նաև սպառազինության մրցավազքի մասին, ինչին ի պատասխան, Պուտինն ասել է, որ այդ մրցավազքը սկսել է ԱՄՆ-ը, իսկ Ռուսաստանն ընդամենը բարելավել է իր բանակի վիճակը։ ՌԴ նախագահը կրկնել է իր այն հայտարարությունը, թե ներկայումս «Ռուսաստանն ուժեղ է ցանկացած ագրեսորից», նաև ընդգծելով՝ «այսօր ԱՄՆ-ի բանակն է ամենաուժեղը»։

Պուտինն անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերություններին՝ նշելով, որ Ռուսաստանին անհրաժեշտ է «ուժեղ և անկախ» [նկատի ունենալով ԱՄՆ-ից անկախ] Եվրոպա: ՌԴ նախագահն անդրադարձել է նաև սիրիական հարցին ու իր բնորոշմամբ՝ «Հալեպի ազատագրմանը», ասելով, որ դրանում մեծ դեր են ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահները, սակայն «առանց Ռուսաստանի ազատագրումը հնարավոր չէր լինի»։

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս, Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, ասել է՝ երբ անցած տարի թուրքական ռազմական ուժերը թուրք-սիրիական սահմանին խոցեցին ռուսական ռազմական օդանավը, ինքը ենթադրել է, որ առանց Էրդողանի ցուցման դժվար թե դա հնարավոր լիներ: Այսօր նրա կարծիքը փոխվել է: Նա կարծում է, որ այդ հանցագործության, ինչպես նաև ռուս դեսպանի սպանության հետևում կանգնած են նրանք, ովքեր ուզում էին խանգարել ռուս- թուրքական մերձեցմանը: Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո նրա այդ կասկածը «վերածվել է համոզմունքի»։

Պուտինին նաև ռուս-վրացական հարաբերությունների մասին հարց է ուղղվել: ՌԴ նախագահը չի բացառել, որ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Ռուսաստանն ու Վրաստանն ունենան առանց վիզաների ռեժիմ։

Նա անդրադարձել է նաև մի շարք ներքաղաքական հարցերի: Նախ՝ ասել է, որ 2018-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մասին որոշում դեռ չի կայացրել: «Արտահերթ նախագահական ընտրություններ Ռուսաստանում հնարավոր են, բայց նպատակահարմար չեն: Ժամանակը կգա, ես կնայեմ ինչ է կատարվում աշխարհում և մեզ մոտ ու որոշում կընդունեմ՝ մասնակցել, թե ոչ 2018-ի ընտրություններին»,- ասել է ՌԴ նախագահը:

Ըստ նրա, Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը նահանջել է և նույնիսկ վերելք է գրանցել: Եթե նավթի գինը եկող տարի լինի 40- 50 դոլար, «տնտեսության աճն ավելի նկատելի կլինի»: Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ բնակչության եկամուտների անկում է արձանագրվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG