Մատչելիության հղումներ

Անկարան փորձում է հիմնավորել ռուս դեսպանի սպանության գյուլենական հետքի մասին պնդումը


Թուրքիայիում Ռուսաստանի դեսպանին սպանած Մևլյութ Մերթ Ալթընթաշը, արխիվ
Թուրքիայիում Ռուսաստանի դեսպանին սպանած Մևլյութ Մերթ Ալթընթաշը, արխիվ

Սպանության բացահայտմամբ զբաղվող հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է մարդասպան Ալթընթաշի հեռախոսազրույցներն ու պարզել, որ վերջինս պարբերաբար կապի մեջ է եղել գյուլենականների սոցիալական ցանցի 8 օգտատիրոջ հետ:

Թուրքական իշխանությունները շարունակում են պնդել, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության հետևում գյուլենական կառույցն է կանգնած: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքով` դեսպանին սպանած Մևլյութ Մերթ Ալթընթաշի անցյալի և ունեցած կապերի ուսումնասիրությունը հենց այդ ուղղությունն է մատնանշում:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` հանրապետական դատախազության վարույթում գտնվող այդ գործի հետաքննության շրջանակներում նոր մանրամասներ են ի հայտ եկել: Սպանության բացահայտմամբ զբաղվող հատուկ հանձնաժողովն ուսումնասիրել է Ալթընթաշի հեռախոսազրույցներն ու պարզել, որ նա պարբերաբար կապի մեջ է եղել գյուլենականների սոցիալական ցանցի 8 օգտատիրոջ հետ:

Թուրքական ոստիկանությունը հարցաքննել է նաև ռուս դեսպանին սպանած ոստիկանի հարազատներին: Ալթընթաշի հայրը պատմել է, որ որդին ահաբեկչական կամ կրոնական երևէ կազմակերպության, համայնքի չէր անդամակցում, բայց ոստիկանական համազգեստ հագնելուց հետո ավելի կրոնամետ էր դարձել: Գործի հետ կապված 11 ձերբակալվածներից 8-ը, այդ թվում՝ Ալթընթաշի ընտանիքի անդամները, ազատ են արձակվել:

ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենը, մինչդեռ, հանդես է եկել տեսաուղերձով և հերքել թուրքական իշխանությունների կողմից իրեն հասցեագրվող մեղադրանքները` դրանք որակելով զրպարտանք: Ավելին, նա հայտարարել է, թե Թուրքիայի կառավարությունը, հող նախապատրաստելով այլ սպանությունների համար, մեղքը բարդում է գյուլենական համայնքի վրա: «Նույնիսկ Ռուսաստանը, որն ամենաշատն է շահագրգիռ միջադեպը բացահայտելու հարցում, մերժում է այդ պնդումները: Անհնար է աշխարհին համոզել, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս ունեն»,- ասել է Գյուլենը:

Մինչ թուրքական իշխանությունները դեսպան Կարլովի սպանության հետևում գյուլենական հետքեր են փնտրում, իսկ Գյուլենն էլ հերքում է իր կառույցի առնչությունը, նրան ապաստան տված ԱՄՆ-ի ղեկավարությունը միանգամայն անհիմն է համարում սպանությանը ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցության մասին ավելի վաղ հնչած պնդումները: Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ նման աջակցության ոչ մի ապացույց չկա:

Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առանցքային դարձած խնդրին` 1999 թվականից ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման հարցին, Բասը նշել է, որ այդ գործընթացն ընթացքի մեջ է: Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը ողջունում է թուրք-ռուսական կառուցողական հարաբերությունները:

Թուրք-ռուսական հարաբերությունների վրա այդ ողբերգական միջադեպի հնարավոր ազդեցությանն են անդրադառնում նաև թուրք մեկնաբանները: Լրագրող, վերլուծաբան Մուստաֆա Աքյլոլի կարծիքով` դեսպանի սպանությունն անհաջող փորձ էր` ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների խափանմանը: Ավելին՝ ըստ Աքյլոլի, դա բոլորովին հակառակ ազդեցությունն ունեցավ: AL Monitor հանդեսի սյունակագիր Ֆեհիմ Թաշթեքինն էլ ուշագրավ դիտարկում է անում, թե ռուս դիվանագետի սպանության հետևանքով, Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում Ռուսաստանի թելադրած խաղը խաղալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG