Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «Ժառանգություն»-ն այս պահին բանակցություններ չի վարում


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, այս պահին «Ժառանգություն» կուսակցությունը այս կամ այն քաղաքական ուժի կամ ուժերի հետ հնարավոր դաշինքի շուրջ բանակցություններ չի վարում։

«Ազատություն». - Օր չկա, որ մամուլը չգրի, որ «Ժառանգություն»-ը բանակցում է այս կամ այն ուժի, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հնարավոր դաշինքի շուրջ։ Իրականում ի՞նչ է տեղի ունենում։

Փոստանջյան. - Որևիցե բանակցություն չի ընթանում, որովհետև որպեսզի ընթանան բանակցություններ, ապա վարչությունը պետք է առնվազն լիազորեր համապատասխան անձանց, որպեսզի նրանք վարեին բանակցություն, նաև բանակցություն ինչի շուրջ։ Մենք նման բանակցություններ չենք վարում, և չեմ էլ կարծում, որ որևիցե մեկը մեր անունից կարող է նման հայտարարություններ անի, ուղղակի դրանք մամուլում հնչեցրած կարծիքներ են։ Իհարկե հնարավոր է տեղի են ունենում հանդիպումներ այս կամ այն քաղաքական գործչի, կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, բայց դրանք լոկ հանդիպումներ են, քննարկումներ են բայց ոչ պաշտոնական։

«Ազատություն». - Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացնո՞ւմ է այդպիսի հանդիպումներ։

Փոստանջյան. - Ես չգիտեմ, իր տեղը չեմ կարող այդ մասին Ձեզ տեղեկացնել, բայց կարծում եմ, որ բնական է, եթե կունենային նման հանդիպումներ։

«Ազատություն». - Իսկ Դուք կո՞ղմ եք Սեյրան Օհանյանի հետ մեկ ցուցակով ընտրություններին գնալուն։

Փոստանջյան. - Նախ պետք է լինի հստակ ձևակերպված քաղաքական օրակարգ, պետք է ներառի բոլոր այն դրույթները, որոնք չեն կրկնում այս 25 տարիները և ընդհակառակը՝ այլընտրանք են առաջարկում այս 25 տարիներին և դեռ ավելին՝ դատապարտում են այս 25 տարիների արատավոր երևույթները, և նաև պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ովքեր պատասխանատու էին այդ արատավոր երևույթների համար։ Այդ համախմբված քաղաքական միավորը պետք է հստակ նաև հայտարարի, որ նա չի ընդունում այս Սահմանադրությունը, նա չի ընդունում, որպես այդպիսին, այս ընտրությունները, որովհետև ընտրությունները տեղի չեն ունենալու հավասար պայմաններում։ Եթե կլինեն նման քաղաքական միավորներ, ովքեր պատրաստ են սպասարկել այդ քաղաքական պլատֆորմը, գալիս են ապրիլյան այդ քաղաքական գործողությանը մասնակցում են, այսպես կոչված ընտրություններ անվան տակ, որպես առիթ օգտագործում են, գալիս են ընդամենը վեց ամսով։ Անցումային մոդել եմ առաջարկում այդ պլատֆորմի շուրջ՝ արտաքին քաղաքականությունը պարտադիր պետք է ներառի, որ մենք որևիցե տարածք հնարավորություն չունենք զիջելու կամ փոխզիջելու։

«Ազատություն». - Այսինքն առնվազն Հայ ազգային կոնգրեսի մասով բացառո՞ւմ եք համագործակցությունը, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ Կոնգրեսը կողմ է դաշինքին, բայց իր հռչակած այդ խաղաղության, բարիդրացիության սկզբունքների շուրջ։

Փոստանջյան. - Մենք բարիդրացիության սկզբունքները միանշանակ հարգում ենք, և մենք ասում ենք՝«մեր հայրենիքն են օկուպացրել, այլ ոչ թե մենք ենք օկուպացրել», մենք որևիցե մեկի տարածքը չենք օկուպացրել»։

«Ազատություն». - Նա խաղաղության հասնելու իր մոդելն ասել էր, որը փոխզիջումային տարբերակ էր։

Փոստանջյան. - Խաղաղությանը հասնելու մոդելն այդ մոդելը չէ, և հետևաբար նրա հետ իհարկե մենք ընդհանրապես որևիցե համագործակցության եզրեր չունենք։

«Ազատություն». - Այս շարքում Վիկտոր Դալլաքյանը և Վարդան Օսկանյանը կա՞ն, իրենց հետ համագործակցությունը բացառո՞ւմ եք, թե՞՝ դուռը բաց է։

Փոստանջյան. - Քվեարկություններ տեղի ունեցան Ազգային ժողովում, որը հստակ քաղաքական դիրքորոշում էին պահանջում, որը վերաբերում էր, օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, փաստորեն մենք կրկնեցինք այն նախկին կեղածարներին, այսինքն՝ մենք նորից վերընտրվեցինք, նույն կազմը, և այստեղ, եթե մենք խոսում ենք համախմբման մասին, ես հստակ հարցեր ունեմ՝ այդ մարդիկ ո՞ւր էին օրինակ, ինչո՞ւ դեմ չէին քվեարկում հազար դրամներին, որտե՞ղ էին նրանք, եթե այս հարցերը չունեն պատասխաններ, ապա ես չեմ կարծում, որ կարող ենք արհեստական համախմբում թույլ տալ և ասել, որ միայն Սերժ Սարգսյանը չլինի, որպեսզի մենք նրանից ազատվենք, գնանք ցանկացած քայլի, ոչ այդպես չէ։

«Ազատություն». - Հակառակ դեպքում «Ժառանգություն»-ը միայնակ կգնա՞ ընտրություններին։

Փոստանջյան. - Ես կարծում եմ, այո, հակառակ դեպքում «Ժառանգություն»-ը միայնակ կգնա, որովհետև կարող ենք ներկայացված լինել ցանկացած դեպքում, ցանկացած ձևաչափով, ցանկացած խորհրդարանում։

«Ազատություն». - Այսինքն անցողիկ շեմը կարծում եք ձեզ համար խնդիր չէ՞։

Փոստանջյան. - Մենք խնդիր չունենք այդ մասով, մեր խնդիրն այլ է՝ եթե մենք կարողանում ենք այս անցումային փուլը սպասարկել, առաջնային մեր խնդիրը դա է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG