Մատչելիության հղումներ

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վադիմ Գուսևին դեկտեմբերի 22-ին հրավիրել է արտգործնախարարություն և բողոք ներկայացրել ռուսաստանցի գիտնական Լեոնիդ Ռեշետնիկովի արտահայտությունների կապակցությամբ, ով ասել էր, թե Բելառուսը պատմականորեն Ռուսաստանի մասն է կազմում:

Բելառուսի արտգործնախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում նշված է, որ բելառուսական կողմը «սկզբունքային գնահատական է տվել անհիմն և իր բնույթով անընդունելի հայտարարությանը»:

Բելառուսի արտգործնախարարությունն ընդգծել է, որ Ռեշետնիկովի հայտարարությունը չի համապատասխանում Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների հիմքում ընկած սկզբունքներին՝ հարգել ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը հայտարարել է, թե ռուսների և բելառուսների բաժանումը արհեստական է։ «Բելառուսիան Մեծ Ռուսաստանի մասն է, մեր ժողովրդի մասը», - ասել է նա:

Գիտնականը նաև ասել է, թե բելառուսական լեզուն ստեղծվել է 1926 թվականին Կոմունիստական կուսակցության որոշմամբ, և առաջարկել է բացել 1926 թվականի սովետական «Պրավդա» թերթը և առաջին էջում կարդալ բելառուսերեն լեզուն ստեղծելու մասին Կոմկուսի գլխավոր կոմիտեի որոշման տեքստը:

YouTube-ում տեղադրված տեսանյութում Ռեշետնիկովն ասել է, թե փոքր պետություններն առանց հովանավորի չեն կարող գոյատևել:

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, որի տնօրենն աղմկահարույց հայտարարության հեղինակ Լեոնիդ Ռեշետնիկովն է, հիմնվել է Ռուսաստանի նախագահի կողմից և զբաղվում է այլ երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների ուսումնասիրմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG